Ճանապարհաշինական սեզոնը մեկնարկել է: Եղանակն արդեն թույլատրում է աշխատել: Շինարարական եռուզեռը նկատելի է Արարատի մարզի մի քանի հատվածում:
Գոռ Ավետիսյան (Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի գործադիր տնօրեն) - Էս պահի դրությամբ ունենք կապալառուների հետ կնքված՝ մոտ 250 կմ շինարարության պայմանագիր: Որտեղ որ եղանակային պայմանները թույլ են տալիս, արդեն իսկ հանձնարարականները կան, որ սկսեն:
Սկսված են Մ2 Երևան-Երասխ-Մեղրի-Իրանի սահման միջպետական ավտոճանապարհի 53-65-րդ կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքները:
Հրաչիկ Սարգսյան («Արարատ ճանշին» ՍՊԸ գլխավոր ինժեներ) - Մարտի 15-ից սկսել ենք աշխատել և իրականացնում ենք մայթերի կառուցումը գյուղական հատվածներում և խողովակների ու փոքր կամուրջների նորոգումը:
1600 գծամետր երկարությամբ մայթերի սալիկապատման աշխատանքը մի քանի օրից կավարտեն ու կսկսեն ճանապարհի ծածկի՝ հողային, խճային հիմքի տեղադրման, այնուհետև՝ ասֆալտապատման աշխատանքները:
Հրաչիկ Սարգսյան - Սալիկներն ավելի երկար կդիմանան, քան ասֆալտբետոնե ծածկը: 3 սմ էր նախատեսված, հիմա 6 սմ սալիկներ են տեղադրվում:
12.2 կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգման արժեքը 1 մլրդ 192 մլն դրամ է:
Սամվել Բարսեղյան (Ոսկետափ գյուղի բնակիչ) - Ճանապարհը լավը չէր, անտանելի էր, քանդած էր, հիմա նոր կկարգավորվի, որ լավ լինի: Հեծանիվ կարում էի քշեի, բայց՝ վայնաչարի:
Ոսկետափցի Սամվել պապի հեծանիվի համար անգամ դժվարանցանելի էր դարձել հանրապետական նշանակության Հ8՝ Այնթապ-Մխչյան-Արտաշատ-Այգևան ավտոճանապարհի՝ իրենց գյուղով անցնող հատվածը: Պետությունը շուրջ 1,7 մլրդ դրամ է տրամադրել դրա հիմնանորոգման համար:
Տիգրան Ավետիսյան (նախագծի պատասխանատու) - Առաջին հատվածը 3.5 կմ սկսվում է Նոր կյանքից, վերջանում Այգևվան համայնքում: Հաջորդ կտորը սկսվում է Նոր կյանքից, շարունակվում մինչև Արտաշատ: 3.5 ու 5.3 կմ:
74-ամյա Համազասպ պապն էլ փորձում է հիշել, թե վերջին անգամ «կարկատանից» բացի երբ է հիմնանորոգում տեսել:
Արդեն 15 օր է՝ գալիս, հետևում է շինարարների աշխատանքին, վարորդներին էլ հորդորում դանդաղեցնել ընթացքը, վթարային իրավիճակ չստեղծել՝ շինարարները ճանապարհ են կառուցում:
Համազասպ Ղևոնդյան (Ոսկետափ գյուղի բնակիչ) - Ոչ մի անգամ մեզ համար նեղություն չի, սա մեզ համար շատ ընդունելի բան է, մեր աշխատողներն էլ, գործն էլ:
Այս տարի նախատեսվում է հիմնանորոգվել շուրջ 500 կմ ճանապարհ: Կարծում են՝ նույնիսկ կարող են գերակատարել: Բայց կա քաղաքացիների աջակցության կարիքը:
Գոռ Ավետիսյան - Կապալառուների հետ զրույցում բոլորը մատնանշում են բանվորական ու մեխանիզատորների խնդիրը, կխնդրեի, ովքեր որ իրենց ներուժը թույլ է տալիս, ընդգրկվեն ճանապարհաշինական այս բուռն աշխատանքների մեջ, որպեսզի մինչև տարվա վերջ հասցնենք ավարտին:
Հայաստանի ընդհանուր օգտագործման ճանապարհային ցանցի երկարությունը շուրջ 7513 կմ է: