Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը Կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցում հաստատեց, որ ուսումնասիրություններ են արվում ՀՀ առողջապահության, պաշտպանության նախարարություններում, Երևանի քաղաքապետարանում և «Հայփոստ» ՓԲԸ-ում, սակայն մանրամասներ չհաղորդեց:
«Ուսումնասիրություններն ընթացքի մեջ են: Դեռ պետք է տեղեկանքներ կազմվեն, և վերջնական արդյունքներն ամփոփվեն: Դրանից հետո հավուր պատշաճի տեղեկություն կտրամադրվի»,- ասաց Պետրոսյանը:
Նա հայտնեց, որ ՊՎԾ-ն ուսումնասիրություններ է իրականացնում մեկ տասնյակից ավելի պետական կառավարման մարմիններում:
«Սկսել ենք վարչապետի, Կառավարության որոշումների կատարման ընթացքը ամենօրյա մշտադիտարկման տակ պահել: Գերատեսչությունների ղեկավարներին պարբերաբար առաջարկներ ենք ներկայացնում մշտադիտարկման արդյունքների, հնարավոր թերացումների վերաբերյալ, որպեսզի շտկեն: Դրանով լուծում ենք պետական ինստիտուտների կայացման խնդիր»,- ասաց ՊՎԾ ղեկավարը: