ԲԴԽ-ին տալ հնարավորություն նիստեր անցկացնել խորհդի անդամների կեսից ավելիի ներկայությամբ. «Քաղաքացիական պայմանագրից» Վլադիմիր Վարդանյանի ու Վահագն Հովակիմյանի առաջարկն է այն դեպքերի համար, երբ ԲԴԽ-ն հանդես է գալու որպես դատարան: Օրենքի նախագիծն ԱԺ լիագումար նիստերի օրակարգում է՝ երկրորդ ընթերցման համար:
Վլադիմիր Վարդանյան (ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ) - Մենք երկար ժամանակ իրավիճակ ենք ունեցել, երբ խորհուրդն ամբողջությամբ համալրված չի եղել, ու որոշումների կայացման հետ կապված մեծ խնդիրներ են առաջացել:
Գործող կարգավորմամբ, որպես դատարան հանդես գալու դեպքում, Բարձրագույն դատական խորհրդի նիստն իրավազոր է անդամների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդի ներկայության դեպքում: ԲԴԽ-ն, ըստ Սահմանադրության, ունի 10 անդամ: Ստացվում է՝ քվորում ապահովելու համար առնվազն 7 անդամի ներկայություն է հարկավոր, իսկ առաջարկվող նախագծով՝ բավարար կլինի 6 անդամի ներկայություն:
Վլադիմիր Վարդանյան - Վենետիկի հանձնաժողովը, եթե չեմ սխալվում, դեռևս 2018 թվականին տված իր եզրակացության մեջ նշել էր շեմը, որը նախատեսված է որոշումների կայացման համար, առնվազն 7 հոգի, այսինքն՝ ԲԴԽ-ի երկու երրորդը, շատ բարձր է ու կարող է հանգեցնել այնպիսի իրավիճակների, որ ԲԴԽ-ն արդարացնի այս կամ այն դրվագը կամ սուբյեկտին:
Օրենքն ընդունելու պարագայում փոփոխություն կլինի դատավորների նկատմամբ կարգապահական վարույթը քննելու, լիազորությունները դադարեցնելու կամ քրեական հետապնդումը թույլատրելու ԲԴԽ-ի որոշումների ընդունման ընթացակարգում: Փոփոխությամբ առաջարկվում է Բարձրագույն դատական խորհրդին թույլ տալ որոշումներ ընդունել առնվազն 6 անդամի ներկայության և 5 միանման քվեարկության պարագայում:
Վլադիմիր Վարդանյան - Եթե ԲԴԽ-ի բոլոր 10 անդամներն են մասնակցում նիստին, ապա որոշումը կարող է կայացվել ձայների մեծամասնությամբ, այն է՝ 6 ձայն:
ԲԴԽ որոշումներն ընդունվում են խորհրդակցական սենյակում՝ բաց քվեարկությամբ՝ շեշտեց Վարդանյանը՝ հավելելով, որ այս հարցում որևէ փոփոխություն չեն նախատեսել: Առաջարկվող կարգավորումները ներկայացված են` հաշվի առնելով Դատավարական օրենսգրքի կանոնակարգումները՝ վտահեցրեց նախագծի համահեղինակը:
Բարձրագույն դատական խորհրդի ստեղծման անհրաժեշտություն առաջացել է Սահմանադրության՝ 2015 թվականի փոփոխությամբ: 2018 թվականի փետրվարին Ազգային ժողովի կողմից ստեղծվեց խորհուրդը, օրեր անց դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրվեցին Բարձրագույն դատական խորհրդի բոլոր անդամները, որոնք իրենց կազմից ընտրեցին Բարձրագույն դատական խորհրդի նախագահ:
Գործող կազմի նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորություններն այժմ կասեցված են՝ նրան առաջադրված պաշտոնեական դիրքն օգտագործելով արդարադատության իրականացումն ու քննությունը խոչընդոտելու մեղադրանքի հիմքով: ԲԴԽ նախագահի պաշտոնակատարը Գագիկ Ջհանգիրյանն է:
Հեղիանակ՝ Անի Օհանյան