Ավստրալիան Միացյալ Թագավորության և Միացյալ Նահանգների հետ նոր պաշտպանական դաշինքի՝ AUKUS-ի շրջանակում սկսել է իրականացնել ռազմածովային ուժերին միջուկային սուզանավերով զինելու ծրագիրը: Երկուշաբթի՝ նոյեմբերի 22-ին, Ավստրալիայի պաշտպանության նախարար Փիթեր Դաթոնը ամերիկացի և բրիտանացի դիվանագետների հետ ստորագրել է համաձայնագիր, որը նախատեսում է երեք երկրների միջև ատոմային միջուկային կառույցների մասին գաղտնի տեղեկատվության փոխանակում։
Երեք պետությունները սեպտեմբերին հայտարարեցին AUKUS դաշինքի ստեղծման մասին՝ բացատրելով այդ քայլը Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ռազմավարական լարվածությանը հակազդելու անհրաժեշտությամբ: Դիտորդները նկատել են, որ համաձայնագիրը ստորագրվում է Չինաստան-ԱՄՆ, Չինաստան-Ավստրալիա հարաբերությունների լարվածության ֆոնին:
AUKUS-ի հետ համաձայնագրի շնորհիվ Ավստրալիան կստանա ութ գերժամանակակից միջուկային սուզանավ, որոնք կարող են հեռահար խոցումներ կատարել։ Համաձայնագիրը նաև նախատեսում է, որ երկրները կկիսվեն կիբերհետախուզության տվյալներով, արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաներով և այլ տեխնիկական զարգացումներով։
Այսպիսով, պատմության մեջ երկրորդ դեպքն է, երբ ԱՄՆ-ը մեկ այլ պետության է տրամադրում միջուկային սուզանավերի ստեղծման հույժ գաղտնի տեխնոլոգիան։ Առաջին անգամ՝ 1958 թ., Վաշինգտոնն այդ տեխնոլոգիան տրամադրել էր իր դաշնակից Մեծ Բրիտանիային: