ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել։ Ինչպես հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, նախագահները, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակը։
«Ռուսաստանը, ինչպես նշել է Վլադիմիր Պուտինը, կշարունակի քայլեր ձեռնարկել իրավիճակը կայունացնելու և Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունները հետևողականորեն իրականացնելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ երկու երկրների ղեկավարները քննարկել են երկկողմ և միջազգային օրակարգի բազմաթիվ արդիական այլ հարցեր, խոսել են կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարից, Բելառուսի սահմանին տիրող դրությունից, Դոնբասի շուրջ ստեղծված իրավիճակից։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել սերտ անձնական շփումները: