ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Էնդրյու Շոֆերը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Իգոր Խովաևը՝ Ռուսաստանի Դաշնությունից և Բրիս Ռոքֆոյը՝ Ֆրանսիայից) հայտարարությամբ են հանդես եկել, որում խոր մտահոգությամբ են դիտարկում վերջերս տարածաշրջանում տեղի ունեցած միջադեպերը՝ ներառյալ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցածները:
Համանախագահները կողմերին կոչ են անում անհապաղ հստակ քայլեր ձեռնարկել իրավիճակի ապաէսկալացման ուղղությամբ։
«Համանախագահները կողմերին հորդորում են ձեռնպահ մնալ հրահրիչ հռետորաբանությունից և սադրիչ գործողություններից և ամբողջությամբ կատարել այն պարտավորությունները, որոնք ստանձնել են նոյեմբերի 9-ի հայտարարության և հրադադարի մասին համատեղ համաձայնեցված այլ պայմանավորվածությունների համաձայն:
Լարվածության վերջին աճն ընդգծում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր մնացած հարցերի բանակցային, համապարփակ և կայուն կարգավորման անհրաժեշտությունը:
Համանախագահները կողմերին հորդորում են զարգացնել այն առաջընթացը, որն արձանագրվել է Նյու Յորքում և Փարիզում համանախագահների հովանու ներքո կայացած Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների համատեղ հանդիպումների ընթացքում՝ շարունակելով ուղիղ երկխոսություն վարել՝ ուղղված տարածաշրջանում անվտանգությանը, կայունությանը և բարգավաճմանը աջակցելուն»,- ասվում է հայտարարության մեջ: