ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների վարչության աշխատակիցներն աշխատանքային այց են կատարել Արագածոտնի մարզ՝ մի շարք հուշարձանների ամրակայմանը, նորոգմանը, վերականգնմանը և տարածքի բարեկարգմանը միտված խնդիրներին տեղում ծանոթանալու, դրանք քննարկելու և հնարավոր միջոցառումներ ձեռնարկելու նպատակով։
Առաջին այցը Դաշտադեմ համայնքի վարչական տարածքում գտնվող Դաշտադեմ ամրոցն էր (7-19-րդ դար, կառուցվել է Կամսարականների օրոք)։ Տեղում հանդիպում և քննարկում է կազմակերպվել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատասխանատուների և համայնքի ղեկավարի հետ։ Համաշխարհային բանկի միջոցների հաշվին ՀՏԶՀ-ը ենթածրագրերից մեկով նախատեսվում է իրականացնել վերականգնման և տարածքի բարեկարգման աշխատանքներ։ ՊՄՀՊ վարչության մասնագետները ներկայացրել են 2005 թվականից առկա նախագծանախահաշվային փաստաթղթերը, տարիների ընթացքում իրականացված ամրակայման և վերականգնողական աշխատանքները, և առաջարկել են նախատեսվող գումարով իրականացնել Դաշտադեմ ամրոցի միջնաբերդի աշտարակների, ինչպես նաև ամրոցի տարածքում գտնվող խանի պալատի (խորհրդային տարիներին կառուցվել են կցակառույցներ, և շենքը ծառայել է որպես դպրոց) վերականգնումը՝ վերջինս, համաձայն առկա նախագծի, դարձնելով թանգարան, որտեղ կցուցադրվեն ամրոցի տարածքից պեղված գտածոները։

ՀՏԶՀ-ի պատասխանատուների կողմից առաջարկվել է ամրոցի մուտքի մոտ և ներսում տեղադրել տեղեկատվական ցուցանակներ, ինչպես նաև լուծել սանհանգույցի հարցը։ Հատկապես խնդրահարույց է համայնքի ջրամատակարարման ցանցի բացակայության ու մասնավոր հողազավթումների հարցը։
Ճանապարհին ՊՄՀՊ աշխատակիցներն այցելել են «Ագարակ» պատմամշակութային արգելոց (ծիսական վաղ բրոնզեդարյա հնավայր), որը գտնվում է Ագարակ և Ոսկեհատ գյուղերը կապող ճանապարհին։ 2020-2021 թթ. պետական միջոցների հաշվին նախատեսվող վերականգնողական աշխատանքների համար հայտարարված մրցույթում հաղթած իտալացի մասնագետները մշակում են ծիսական հնավայրի ամրակայման և մասնակի վերականգնման նախագծանախահաշվային փաստաթղթերը։

ՊՄՀՊ վարչության մասնագետները հնավայրում իրականացրել են տեղազննման և ներկայացված նախագծի հետ համապատասխանության աշխատանքներ՝ հետագայում ամրակայման և վերականգնման գործընթացը հավուր պատշաճի իրականացնելու նպատակով (պետական բյուջեի բավարար միջոցների դեպքում)։
Հովհաննավանք վանական համալիրի (13-րդ դ.) պարսպապատերի, կից կառույցների նորոգման, ամրակայման, վերականգնման և տարածքի բարեկարգման էսքիզային նախագիծն իրականացվել է 2021 թ. պետական բյուջեի միջոցների հաշվին: Այն իրականացրել է մրցույթում հաղթող ճանաչված Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը։ Այս տարվա հոկտեմբերի 26-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարության 10-րդ գիտամեթոդական խորհրդի նիստում նշյալ նախագիծը ներկայացվել է և ընդունվել։ Քանի որ պեղման աշխատանքները նշյալ ժամանակաշրջանում չէին ավարտվել, ՊՄՀՊ վարչության աշխատակիցներն այցելել են հուշարձանի պեղավայր՝ տեղում աշխատանքներին ծանոթանալու և բարձրացված խնդիրներն ուսումնասիրելու։

Ինչպես հավաստում էին նախագծի հեղինակները, պեղումները մեծ արդյունքներ չեն տվել, և տեղում հնարավոր է իրականացնել մասնակի ամրակայման աշխատանքներ, որոնք կներկայացվեն աշխատանքային փուլի գծագրերի հետ։