Զանգվածային լրատվամիջոցները կարող են հղում անել անանուն աղբյուրներին, բայց հարկ եղած դեպքում չեն ազատվի պատասխանատվությունից: Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի հարցերի հանձնաժողովը հավանություն տվեց ՔՊ-ի ներկայացրած օրենսդրական փաթեթին: Նախագիծը ապատեղեկատվության տարածումը կանխելու համար է՝ նշում է օրինագծի համահեղինակ Արթուր Հովհաննիսյանը:
«Հայաստան» խմբակցությունից Լիլիթ Գալստյանի դիտարկմամբ՝ նախագիծը ԶԼՄ-ների գործունեությունը կաշկանդող է, ԶԼՄ-ի վրա դրվում է հետախուզական պարտավորություն: Արթուր Հովհաննիսյանը հակադարձեց՝ լրագրողը ցանկացած տեղեկություն պարտավոր է ճշտել մի քանի աղբյուրից, ապա միայն հրապարակել, սա չի սահմանափակելու լրատվամիջոցների գործունեությունը:
Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը նշեց՝ նախագծի նոր տարբերակում չկա ոչ մի ավելորդ ծանրաբեռնվածություն կամ իրավական բեռ, որը դրվել է լրագրողների կամ լրատվական գործունություն իրականացնողների վրա՝ կապված անանուն աղբյուրին հղում տալու հետ:
Չնայած ԶԼՄ-ի ներկայացուցիչների հետ քննարկում չի եղել, բայց տեղեկացված են, եթե կան առաջարկներ, ընդունում են և քննարկում, դեռ մեկ առաջարկ են ստացել՝ նշեց Արթուր Հովհաննիսյանը: Ավելացրեց, մինչ փոփոխություններ կատարելն ակտիվ քննարկումներ են ունեցել մեդիափորձագետների, Արդարադատության նախարարության, ԵԽ, ԵԱՀԿ գործընկերների հետ:
Անդրադարձավ նաև ԶԼՄ-ների ֆինանսական թափանցիկության ու լրագրողների հավատարմագրման կարգի մասին դրույթում փոփոխությանը: Եթե լրատվամիջոցը չի ներկայացնում ֆինանսական հաշվետվություն և չի ներկայացրել այն նույնականացման տվյալները, որոնք սահմանվում են օրենքում, ապա տվյալ լրատվամիջոցի հավատարմագրման մասին դիմումը ենթակա է մերժման:
Պատգամավոր Էլինար Վարդանյանն առաջարկեց քվեարկությունը հետաձգել և քննարկում կազմակերպել ԶԼՄ-ների հետ՝ հասկանալու նրանց տեսակետները: Հանձնաժողովականներն ու Արդարադատության նախարարն այդպիսի քննարկման կազմակերպմանը կողմ են, բայց հեղինակը չհամաձայնեց քվեարկությունը հետաձգել: Հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը նիստին մնացած միակ ընդդիմադիր պատգամավոր Լիլիթ Գալստյանին դիմեց՝ շեշտելով՝ նախագիծը ոչ թե կառավարող ուժի, այլ բոլոր կողմերի ու նաև լրագրողների շահերի պաշտպանության համար է:
Նախագծի փոփոխված տարբերակը դրական եզրակացությամբ ընդգրկվեց Ազգային ժողովի օրակարգ: Դրական եզրակացություն ստացավ նաև օրակարգի հաջորդ հարցը՝ Զոհված կամ հաշմանդամության կարգ ստացած զինծառայողի ուսանող զավակի վարձն ամբողջությամբ կփոխհատուցի պետությունը: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը նշեց՝ ուսման վարձի լրիվ փոխհատուցում կտրվի ոչ միայն որոշակի կարգավիճակով ընդունվածներին, այլ նաև այն ուսանողներին, որոնք ուսումնառության ընթացքում են ձեռք բերել այդ կարգավիճակը:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան