Ադրբեջանի Պետական մաքսային կոմիտեից անհիմն և իրականությանը չհամապատասխանող են որակել իրանական կողմի պնդումները, որ Բաքուն միտումնավոր խոչընդոտում է Իրանից Ռուսաստան ապրանքների արտահանմանը:
Կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Աստարայի մաքսային կետը շարունակում է գործել ուժեղացված աշխատանքային ռեժիմով, իսկ սահմանին բեռնատարների կուտակումը պայմանավորված է հենց Իրանում եղած խնդիրներով: Մասնավորապես, ըստ ադրբեջանական կողմի՝ բեռնատարների հերթերի պատճառը հոկտեմբերի 15-16-ը իրանական կողմում համակարգչային համակարգում 10-ժամյա խափանումն է եղել:
Ավելի վաղ Իրան-Ռուսաստան առևտրային պալատի տնօրենների խորհրդի անդամ Ջալիլ Ջալիֆարը Բաքվին մեղադրել էր Իրանից Ռուսաստան արտահանմանը միտումնավոր խոչընդոտելու համար: