Լիբանանի զինվորական դատախազությունը գործեր է հարուցել Բեյրութում անկարգությունների 19 մասնակցի նկատմամբ, որոնք հոկտեմբերի 14-ին ձերբակալվել էին ուժայինների կողմից, տեղեկացնում է ТАСС-ը:
Հարցաքննության ընթացքում հաստատվել է նրանց մասնակցությունը փոխհրաձգությանը, որի հետևանքով զոհվել է 7 մարդ և վիրավորվել 36-ը:
Բեյրութում հինգշաբթի կրակոցներ էին հնչել շիա կուսակցությունների սկսած բողոքի ակցիայի ժամանակ: Ցուցարարները դժգոհում էին 2020 թ. Բեյրութի նավահանգստի պայթյունի հետաքննությունից: Անկարգությունները հրահրել էին անհայտ դիպուկահարները, որոնց արձակած կրակոցներից հետո փոխհրաձգություն էր սկսվել:
Լիբանանի նախագահ Միշել Աունը խոստացել է մանրակրկիտ հետաքննություն անցկացնել Բեյրութի շիա և քրիստոնեական շրջանների հատման վայրում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ և հայտարարել է, որ թույլ չի տա երկիրը մոտեցնել քաղաքացիական պատերազմի: