Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն ընդունել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանին, «Ֆուլեր տնաշինական կենտրոն» ԲՀԿ նախագահ Աշոտ Եղիազարյանին, կոմիտեի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» այլ ներկայացուցիչների՝ քննարկելու՝ Լոռու մարզի աղետի գոտու բնակավայրերում եռակողմ համաձայնագրի հիման վրա իրականացվող շինաշխատանքների ընթացքը:
Քննարկմանը ներկա էին նաև մարզպետարանի գլխավոր քարտուղար Կամո Աշրաֆյանը, պատասխանատու այլ պաշտոնյաներ: ՀՀ կառավարության որոշմամբ պետբյուջեից հատկացված միջոցներով մարզի 26 գյուղական համայնքներում մեծ թափով ընթանում են տների կառուցման աշխատանքներ՝ «Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակապահովման ծրագրի» շահառու ընտանիքների համար:
Մարզի ղեկավարի հետ քննարկվել են շինաշխատանքների ընթացքը, ընթացիկ խնդիրները: Ա. Եղիազարյանը տեղեկացրել է, որ 83 տուն ավարտին է հասցված, մինչև տարեվերջ այդ թիվը կհասնի ավելի քան 100-ի: Շուրջ 50 տան շինարարություն ընթացքի մեջ է:
Մարզի ղեկավարը վստահեցրել է, որ ընթացիկ խնդիրների հետ կապված մարզպետարանը միջոցներ կձեռնարկի, որպեսզի ծրագիրը հնարավոր լինի արդյունավետ և որակով ավարտին հասցնել ժամկետների մեջ: