Facebook-ի արտադրանքի նախկին մենեջեր Ֆրենսիս Հաուգենը Սենատի լսումների ժամանակ կոշտ քննադատել է ընկերությանը՝ ասելով, որ դրա արտադրանքը վնասում է երեխաներին, հրահրում տարաձայնություններ և սպառնում ժողովրդավարությանը՝ գրում է BBC-ն:
Սենատորների առջև ունեցած ելույթում Հաուգենը, մասնավորապես, քննադատել է անձամբ Ցուկերբերգին՝ ասելով, որ Facebook-ի հիմնադիրն ընկերությունում ունի անսահմանափակ իշխանություն, և «ոչ ոք չի կարող նրան պատասխանատվության ենթարկել»:
Facebook-ի հիմնադիրը հերքել է նախկին աշխատակցի մեղադրանքներն այն մասին, որ ընկերությունը շահույթը բարձր է դասում օգտվողների անվտանգությունից ու շահերից: «Մեղադրանքների հիմքում այն գաղափարն է, որ մենք շահույթն առաջնային ենք համարում, բայց դա ճիշտ չէ: Մենք խորապես մտահոգված ենք մարդկանց անվտանգության, բարեկեցության և հոգեկան առողջության խնդիրներով»,- գրել է Ցուկերբերգը ընկերության շուրջ վերջին զարգացումների վերաբերյալ գրառման մեջ:
Ֆրենսիս Հաուգենը 2019 թվականին Facebook-ից հեռացվելուց հետո սկսել է անանուն բողոքներ ներկայացնել ընկերության դեմ, լրատվամիջոցներին է ներկայացրել ներքին փաստաթղթեր, որոնք պատճենել է աշխատանքի ընթացքում:
Հաուգենի ելույթը կայացել է Facebook-ի խափանումից մեկ օր անց, որի արդյունքում ամբողջ աշխարհի օգտատերերը չէին կարողանում օգտվել ընկերությանը պատկանող սոցիալական ցանցերից և մեսենջերներից: