Իրանի արտգործնախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանը ժամանել է Մոսկվա: Վերլուծաբանները նկատել են, որ այցը տեղի է ունենում Բաքվի և Թեհրանի՝ միմյանց ուղղված քննադատությունների և Ադրբեջանի սահմանի մոտ Իրանի զինված ուժերի զորավարժությունների մեկնարկի ֆոնին:
Իրանի արտգործնախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ նախատեսում է քննարկել իրադրությունը Կովկասում՝ հայտնում է IRNA գործակալությունը:
«Լավրովի հետ հանդիպման ժամանակ մենք կքննարկենք մեր դիրքորոշումները Կովկասում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ: Ակնկալում ենք, որ Ռուսաստանը զգայուն կլինի տարածաշրջանում ահաբեկիչների առկայությանը և կարձագանքի տարածաշրջանում սահմանների հնարավոր փոփոխությանը»,- նշել է նա:
Սպասվում է, որ երկու երկրի արտգործնախարարների հանդիպման ժամանակ կքննարկվեն նաև Իրանի միջուկային գործարքը, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգի այլ արդիական թեմաներ, ներառյալ իրավիճակը Կասպից ծովում, Պարսից ծոցում, Եմենում, Լիբանանում, մերձավորարևելյան կարգավորումները: