Պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները հոկտեմբերի 1-ի գիշերը ուժեղացված ծառայություն են իրականացրել մայրաքաղաքում։ Նախքան մեկնարկը ոստիկանության պետի տեղակալ Կամո Ցուցուլյանը շարային ստուգատես է իրականացրել։
Կամո Ցուցուլյանը անձնակազմին ներկայացրել է ուժեղացված ծառայության նպատակները՝ հանցագործությունների և հասարակական կարգի դեմ ուղղված ցանկացած ոտնձգության կանխում և բացահայտում, ինչպես և հսկողություն ճանապարհային երթևեկության կանոնների պահպանման նկատմամբ։
Ոստիկանության պետի տեղակալը պարեկներից պահանջել է քաղաքացիների հետ շփումներում լինել կոռեկտ, միևնույն ժամանակ` խիստ, գործել բացառապես օրենքի տառին համապատասխան ու իրավաչափ։ Հրահանգավորումից հետո պարեկներն անցել են ուժեղացված ծառայության, որի ընթացքում հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 55 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 23 տրանսպորտային միջոց։
Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող` 14, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 21 անձ։ 3 տրանսպորտային միջոց շահագործվել է առանց հաշվառման համարանիշերի, 1-ը՝ հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 1-ի համարանիշերն էլ եղել են փակված։ Հայտնաբերվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 7, գերձայնային ազդանշաններով՝ 1 տրանսպորտային միջոց։
Ուժեղացված ծառայության ընթացքում պարեկները, հանցագործություն կատարելու կասկածանքով, ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ են բերման ենթարկել 2 անձի։ Հասարակական կարգի պահպանմանն ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները կրում են ամենօրյա բնույթ։