Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը հայտարարել է, որ Իսրայելը պատրաստ է ընդունել ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնեցված միջուկային գործարքը: Այս մասին նախարարն ասել է Foreign Policy-ի հետ հարցազրույցի ժամանակ:
Ըստ պարբերականի՝ այդ բացառիկ արտահայտությունը վկայում է, որ Իսրայելի քաղաքականությունում տեղի է ունենում փոփոխություն: Նախկին վարչապետ Բենիամին Նեթանյահուն բացահայտորեն դեմ էր արտահայտվում 2015 թվականի միջուկային համաձայնագրին և աշխատում էր այն խափանել: Նա ողջունել էր ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը, որով 2018-ին Միացյալ Նահանգները դուրս եկավ համաձայնագրից: Սակայն Բայդենի վարչակազմը վերականգնեց դիվանագիտությունը՝ նույնիսկ անտեսելով այն փաստը, որ Իրանը պատրաստ է բավականաչափ ուրան հարստացնել միջուկային զենք ստեղծելու համար:
Մեկնաբանելով Բայդենի վարչակազմի ջանքերը Իրանի հետ համաձայնագրին վերադառնալու հարցում, Գանցը նշել է, որ Իսրայելը կցանկանար համոզված լինել բանակցությունների տապալման դեպքում Իրանի նկատմամբ տնտեսական ճնշումներ կիրառելու ԱՄՆ պատրաստակամության հարցում: Գանցը սպառնացել է ռազմական գործողություններ իրականացնել, եթե Թեհրանը միջուկային զենք ստեղծի:
Ըստ Իսրայելի պաշտպանության նախարարի՝ Իրանը երկու-երեք ամսից կարող է բավականաչափ նյութ արտադրել միջուկային ռումբ ստեղծելու համար: Միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո Թեհրանը շարունակ ընդլայնել է աշխատանքն այդ ուղղությամբ: Դրան չեն խանգարել նույնիսկ Թրամփի և Նեթանյահուի կիրառած պատժամիջոցներն ու սաբոտաժի փորձերը:
Իսրայելը մտավախություն ունի, որ եթե Իրանը հասնի իր նպատակին, տարածաշրջանում միջուկային սպառազինությունների մրցավազք կսկսվի։