Ermenihaber-ը տեղեկացնում է, որ հրդեհ է բռնկվել Թուրքիայի Թունջելիի (Դերսիմ) նահանգի Օվաջըքի շրջանի Յայլագյունու (քրդ․՝ Սևքու) և Օթուլբահչե (քրդ․՝ Խեզքու) գյուղերի միջև ընկած անտառածածկ տարածքներում։
Դերսիմի քաղաքապետ Ֆաթիհ Մեհմեդ Մաչօղլուն Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ հրդեհի պատճառը այդ շրջանում իրականացված ռազմական գործողությունն է։
Տեղական աղբուրները հայտնում են, որ սեպտեմբերի 13-ին Օվաջըքում անցկացված ռազմական գործողության ընթացքում շրջանը ռմբակոծվել է 20 րոպե, ինչի հետևանքով էլ անտառը սկսել է այրվել։ Ընդ որում՝ հրդեհը վերահսկողության տակ առնելու միջոցառումներ չեն ձեռնարկվում:
Գործակալությունը հիշեցրել է, որ օգոստոսին Հոզաթի և Օվաջըքի շրջանների միջանկյալ գոտում անվտանգության ուժերի և «Քրդական աշխատավորական» կուսակցության անդամների միջև սկսված բախման հետևանքով դարձյալ անտառային հրդեհ էր բռնկվել, որը մարելու համար նույնպես երկար ժամանակ աշխատանքներ չէին իրականացվում։