Եվրոպայի ֆյուչերսային շուկայում գազի գինը մեկ օրում արդեն չորրորդ ռեկորդն է սահմանում՝ հազար խորանարդ մետր գազի գինը հասցնելով 950 դոլարի: Նախորդ ռեկորդը կազմել էր 900 դոլար՝ հազար խմ գազի դիմաց: Այդ մասին հայտնել է iz.ru-ն:
Եվրոպայում գազի գինը սկսել է աճել այս տարվա սկզբից։ Ամռանն այն սկսեց ավելի արագ աճել, սակայն օգոստոսի վերջին դեռևս պահում էր 600 դոլարը հազար խորանարդ մետրի դիմաց: Միայն այս շաբաթվա սկզբից գինը բարձրացավ 22 տոկոսով:
Ըստ փորձագետների՝ Եվրոպայում վառելիքի թանկացման վրա ազդող գործոններ են համարվում անցյալ տարվա անոմալ ցուրտ ձմեռը, եվրոպական ստորգետնյա գազապահեստարանների գազի պաշարների սպառումն ու դրանց համալրման ցածր մակարդակը։ Բացի դրանից՝ անորոշություն կա «Հյուսիսային հոսք-2»-ի գործարկման հետ կապված։ Հետաձգվում է գազատարի կարգավիճակի վերաբերյալ եվրոպական էներգետիկ հանձնաժողովի որոշումը: