Երևանի ամենախոշոր կանաչ տարածքն է՝ Բուսաբանական այգին՝ թռչնի թռիչքի բարձրությունից: 80 հեկտար տարածքում աճում է մոտ 1100 բուսատեսակ: 1935-ին անբարենպաստ պայմաններում ստեղծված հարուստ և բազմազան բուսական հավաքածուն 90-ականների սկզբից ոռոգման ջրի բացակայության հետևանքով չորանում էր, կանաչ տարածքները տարեցտարի փոքրանում էին՝ վերածվելով կիսաանապատի: 30 տարուց ավելի անուշադրության մատնված Երևանի միակ Բուսաբանական այգին, որը հանրային սեփականություն է, օգնության կարիք ուներ։
Այգու այս հատվածում, որտեղ հիմնականում կոլեկցիոն հավաքածուն է, ջուրը բացարձակ չէր բավականացնում ծառերը ջրելու համար: Ոռոգման ջրի այս խողովակներն այգում ընդհանուր պատկերը կփոխեն: Կարեն Վարդանյանի նախաձեռնությամբ՝ 2020 թվականի օգոստոսից այգու մոտ 15 հեկտար տարածքում մեկնարկել են ոռոգման ցանցի արդիականացման աշխատանքները:
Անցկացվել է 5 կմ երկարությամբ խողովակաշար, տեղադրվել է պոմպակայան, խորքային հոր, 60 տոննա տարողությամբ բաք, 180 փական, կառուցվել է ջրի ֆիլտրման ավազան։ Այսուհետև հնարավոր կլինի պոմպակայանի միջոցով ցանկացած ժամանակ ջուրը մղել տարբեր հատվածներ և իրականացնել ոռոգման աշխատանքներ՝ րոպեում 800 լիտր ջուր ապահովել։ Նոր ոռոգման համակարգի անցկացմամբ Բուսաբանական այգու կանաչապատ տարածքի ջրային ռեսուրսներն ինքնաբավ կդառնան:
Բուսաբանական այգու խնդիրների շարքում հրատապությամբ երկրորդ տեղում հոսանքի ծախսի կրճատումն էր։ Հիմա արդեն ծախսը ոչ թե կկրճատվի, այլև արևային կայանի տեղադրման շնորհիվ ամբողջությամբ կդառնա անվճար։
Ծրագրերի բարեհաջող ավարտից հետո Կարեն Վարդանյանն այցելել է Բուսաբանական այգի՝ անձամբ ծանոթանալու իրականացված աշխատանքներին։ Ոռոգման ցանցի անցկացման և արևային կայանի տեղադրման համար բարերարը տրամադրել է 105 մլն դրամ։ Յուրաքանչյուր բարի գործի հիմքում օգտակար լինելու գիտակցումն է։ Այնպես, ինչպես մենք վերաբերվում ենք մեր քաղաքին՝ բնութագրում է մեզ որպես քաղաքացի, ինչպես վերաբերվում ենք բնությանը՝ բնութագրում է մեզ որպես մարդ։ Հենց այս սկզբունքով յուրաքանչյուրիս սեփականությունը հանդիսացող մեր քաղաքի միակ Բուսաբանական այգին փրկվելու հնարավորություն ստացավ: