Փաստաբանների պալատը երեկ նոր նախագահ է ընտրել Սիմոն Բաբայանին: Նրա օգտին քվեարկել է 937, մյուս թեկնածու Գևորգ Գյոզալյանի օգտին՝ 144 փաստաբան: Գործող 2352 փաստաբանից ընտրությանը մասնակցել է 1111-ը: Նորընտիր նախագահն անպատասխան է թողել «Լուրերի» հեռախոսազանգերը, մեր նկարահանող խմբին նաև թույլ չեն տվել մտնել Փաստաբանների պալատի շենք:
Բաբայանը Փաստաբանական դպրոցի տնօրենն է. պալատի նախագահ ընտրվելուց հետո նա պետք է դպրոցի տնօրենի թեկնածու առաջադրի: Նոր նախագահի լիազորություններն ուժի մեջ են մտնում հոկտեմբերի 5-ից: Պարտված թեկնածու Գևորգ Գյոզալյանի համար ընտրության արդյունքները կանխատեսելի էին:
«Լուրերի» հետ զրույցում Գյոզալյանը նշել է, որ փաստաբանները պետք է գիտակցեին փոփոխության անհրաժեշտությունը և պալատը դուրս հանեին լճացումից, սակայն դա չարեցին: Փաստաբանը լավատես չէ, թե նորընտիր նախագահը կկարողանա դա անել:
Գևորգ Գյոզալյան, ՓՊ նախագահի թեկնածու - Ըստ էության, ես պետք է տեսնեմ՝ նա տարանջատվո՞ւմ է ներկա գործող նախագահից, թե՞ ոչ, նա քայլեր ձեռնարկո՞ւմ է, որպեսզի ապաքաղաքականացվի, թե՞ շարունակում են քաղաքական ինչ-որ հայտարարություններ անել և սպասարկել ընդդիմադիր կամ իշխանական օրակարգեր: Եթե ես տեսնեմ, որ ոչ, նա որևէ բան չի անում կամ նա որևէ որոշիչ դեր չունի, ներկա նախագահին բերում է պալատ՝ դպրոցի տնօրենի կարգավիճակով, իր խորհրդականի կարգավիճակով, և եթե տեսնեմ, որ այս 8 տարվա քաղաքականությունը շարունակվելու է իրականացվել, ապա, այո՛, ես չեմ կարող ուղղակի սրա հետ համակերպվել և, անկախ ամեն ինչից, իմ քայլերն անելու եմ։