Տարբեր երկրներ հստակեցրել են իրենց դիրքորոշումն Աֆղանստանի զարգացումների հետ կապված: ԱՄՆ պետքարտուղարությունը և պաշտպանության դեպարտամենտն Աֆղանստանի վերաբերյալ համատեղ հայտարարություն են տարածել, որում նշված է՝ իրականացվում են մի շարք քայլեր՝ Քաբուլի միջազգային օդանավակայանի անվտանգությունն ապահովելու համար: Մասնավորապես, օդանավակայանի անվտանգությունն ապահովող ուժերի քանակը հասցվել է 6000-ի, ինչը հնարավորություն կտա քաղաքական և ռազմական թռիչքներով կազմակերպելու ԱՄՆ-ի և դաշնակիցների անձնակազմի տարհանումն Աֆղանստանից։
ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը հայտարարել է՝ եթե հարձակումներ լինեն ամերիկացիների վրա՝ պատասխանը կլինի արագ և կոշտ: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն էլ շտապել է սպառնալ թալիբներին պատժամիջոցներով, եթե նրանք, գալով իշխանության, չպաշտպանեն Աֆղանստանի ժողովրդի իրավունքները:
Աֆղանստանի ներկա իրավիճակի համար ԱՄՆ վարչակազմին խիստ քննադատում են նաև ամերիկացիները: «Աֆղանստանը դարձել է ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության վերջին տասնամյակների ամենավատ ձախողումը»,- հայտարարել է Այովա նահանգի նախկին կոնգրեսական Էդ Ֆելոնը: ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն էլ հայտարարել է, թե ժամանակն է, որ պետության նախագահ Ջո Բայդենը հրաժարական տա՝ Աֆղանստանում տեղի ունեցածից համար:
Աֆղանստանում ԱՄՆ-ի պարտությունը և այս երկրից ամերիկյան ուժերի դուրսբերումը հնարավոր են դարձնում տևական խաղաղությունն Աֆղանստանի տարածքում: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին: Նրա խոսքով՝ Թեհրանը ջանքեր կգործադրի կայունություն հաստատելու ուղղությամբ, որն Աֆղանստանի առաջնային անհրաժեշտությունն է:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, ցանկանում է հյուրընկալել «Թալիբանի» առաջնորդին։ Էրդողանը նաև մտահոգություն է հայտնել, որ երկիրը կանգնած է Աֆղանստանից փախստականների նոր հոսքի առաջ:
Ոչ ոք չպետք է փոխադարձության սկզբունքով ճանաչի թալիբների կառավարությունը՝ հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը՝ հավելելով, որ շուտով Աֆղանստանը կունենա նոր վարչակազմ: Նա կարևորել է, որ միջազգային հանրությունը հնարավորինս միասնական դիրքորոշում որդեգրի, որպեսզի թույլ չտա, որ Աֆղանստանը կրկին ահաբեկչության օջախի վերածվի:
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության Գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ օգոստոսի 17-ին Եվրամիության անդամ երկրների արտաքին գործերի ղեկավարները կանցկացնեն արտահերթ հեռավար հանդիպում՝ Աֆղանստանում տիրող իրավիճակը գնահատելու համար:
Քաբուլում Ռուսաստանի դեսպանությունը շարունակում է աշխատանքը. դեսպանատան պաշտպանությունն արդեն ստանձնել են «Թալիբները»: Ռուսաստանի արտգործնախարարությունում հայտնել են, որ աշխատանքային կապեր են հաստատել Աֆղանստանի նոր իշխանությունների հետ: Միևնույն ժամանակ՝ պաշտոնական Մոսկվան աֆղանական բոլոր կողմերին կոչ է արել ձեռնպահ մնալ բռնությունից և նպաստել իրավիճակի խաղաղ կարգավորմանը:
Աֆղանստանում տեղի ունեցող զարգացումների ֆոնինՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել է տաջիկա-աֆղանական սահմանի մոտ խոշոր զորավարժությունների նախապատրաստման մասին:
Չինաստանի արտգործնախարարության խոսնակը հայտարարել է, որ Քաբուլում Չինաստանի դեսպանաթյունն աշխատում է բնականոն ռեժիմով: Պեկինն ակնկալում է, որ «Թալիբները» կկատարեն իրենց խոստումները և հույս ունի, որ պատերազմն Աֆղանտստանում կավարտվի:
Միջազգային հանրությունը պետք է երաշխավորի, որ Աֆղանստանը նորից չի դառնա ահաբեկչական կազմակերպությունների հանգրվան: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստին: Նա բոլոր երկրներին կոչ է արել ընդունել աֆղանստանցի փախստականներն:
Ավելի քան 70 երկիր կոչ է արել ապահովել Աֆղանստանից օտարերկրացիների անվտանգ հեռացումը, անհապաղ վերականգնել անվտանգությունն ու քաղաքացիական կարգը երկրում՝ միաժամանակ պատրաստակամություն են հայտնել օգնել աֆղանցիներին՝ ապահով և արժանապատիվ ապրելու համար: