«Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցությունը հայտարարել է, որ դուրս է գալիս համաձայնագրից, որը ստորագրվել է ապրիլի 19-ին Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի միջնորդությամբ՝ երկրում քաղաքական ճգնաժամը լուծելու նպատակով: Այս մասին չորեքշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտնել է կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն՝ հայտնում է ТАСС-ը։
«Այսօր՝ 100 օր անց, պարզ է դարձել, որ համաձայնագիրը կատարել է իր առաքելությունը և սպառվել է: Չնայած որ ընդդիմության պատգամավորների կեսից ավելին դեռ չի ստորագրել համաձայնագիրը, մենք տեսնում ենք, որ միջազգային գործընկերներն անհրաժեշտ չեն համարում արմատական ընդդիմության ստորագրությունը և նրանցից դա չեն պահանջում»,- ասել է Կոբախիձեն:
Նրա խոսքով՝ համաձայնագրի հիմնական պահանջները կատարված են, մասնավորապես, բանտից ազատ են արձակվել ընդդիմադիր «Մտավարի Արխի» հեռուստաալիքի համասեփականատեր Գիորգի Ռուրուան և «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության ղեկավար Նիկա Մելիան: Երկրում սկսվել են նաև լայնածավալ բարեփոխումներ:
Ինչ վերաբերում է համաձայնագրի կետերից մեկին, ըստ որի իշխանությունները պետք է նշանակեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, եթե իշխող կուսակցությունը տեղական ընտրություններում չհավաքի 43 տոկոս, Կոբախիձեն նշել է, որ «Վրացական երազանքը» պատրաստ է ընտրություններ նշանակել, նույնիսկ եթե 43 տոկոսի փոխարեն 53 տոկոս հավաքի: Դա տեղի կունենա, ասել է նա, եթե «ընդդիմադիր կուսակցությունները ցույց տան, որ քաղաքական համակարգը հասունացել է արդյունավետ կոալիցիոն կառավարման համար, և այդպիսի կառավարությունը չի վնասի պետության շահերին»:
Sputnik Georgia-ի փոխանցմամբ՝ իշխող կուսակցությունը նշել է, որ իշխանությունների այս քայլը չի համաձայնեցվել միջազգային գործընկերների՝ Եվրամիության հետ: