Իսլամիստական «Ալ-Նահդա» կուսակցության կողմնակիցները երկուշաբթի փորձել են ներխուժել անվտանգության ուժերի կողմից արգելափակված Թունիսի խորհրդարանի շենք: Այս մասին հայտարարել է Al Arabiya հեռուստաալիքը:
Շենքից վտարվելուց հետո խորհրդարանի նախագահը և «Ան-Նահդա» կուսակցության առաջնորդ Ռաշիդ Հաննուշին, մի քանի պատգամավորի հետ, նստացույց է սկսել օրենսդիր մարմնի շենքի մոտ: Նրանք կոչ են արել բանակին և անվտանգության ուժերին՝ միանալ ժողովրդին:
Խորհրդարանի շենքի մոտ նախագահի և իսլամիստ ուժերի կողմնակիցների միջև բախումներ են սկսվել: Իրավապահ ուժերը միջամտել են, որպեսզի հակասությունը չսրվի: Մի քանի քաղաքում էլ հարձակումներ են եղել «Ան-Նահդա» կուսակցության գրասենյակների վրա:
Թունիսի անվտանգության ուժերը գրոհել են Քաթարի «Ալ Ջազիրա» հեռուստաընկերության գրասենյակները և վտարել լրագրողներին:
Իրադրությունը Թունիսում լարվել է, երբ հուլիսի 25-ին նախագահ Քաիս Սաիդը հայտարարել է խորհրդարանական գործունեությունը 30 օրով դադարեցնելու, բոլոր պատգամավորների անձեռնմխելիությունը վերացնելու և վարչապետ Հիշամ Մաշիշիի հրաժարականի մասին: