ԱՄՆ-ը չի հորդորել Ուկրաինային՝ զերծ մնալ «Հյուսիսային հոսք-2»-ի վերաբերյալ Միացյալ Նահանգների և Գերմանիայի միջև ձեռք բերված համաձայնագիրը քննադատելուց՝ հայտնում է ԱՄՆ պետդեպարտամենտը:
Գերատեսչության խորհրդական Դերեկ Շոլլեն հերքում է Politico-ի հոդվածում հրապարակված տեղեկությունը, ըստ որի՝ ԱՄՆ-ը ճնշում է գործադրում Ուկրաինայի վրա «Հյուսիսային հոսք-2»-ի հարցով: Այս մասին հայտնում է korrespondent-ը:
«Ուկրաինան ժողովրդավարական երկիր է և ունի իր ձայնը: Մենք սերտ և կառուցողական գործընկերության ենք ձգտում մեր ուկրաինացի ընկերների հետ՝ պաշտպանելով ընդհանուր շահերն ու արժեքները»,- ասել է Շոլլեն:
Միաժամանակ, Շոլլեն հրաժարվել է խոսել The Wall Street Journal-ի հոդվածի մասին, ըստ որի՝ Միացյալ Նահանգները և Գերմանիան համաձայնության են եկել Ուկրաինային աջակցելու միջոցառումների ցուցակի շուրջ:
«Մենք գերմանացի գործընկերների հետ իսկապես քննարկել ենք Ուկրաինայի էներգետիկ անվտանգության խնդիրները: Ուկրաինային իրական և գործնական օգնությունը կարևոր է: Ես առայժմ չեմ կարող խոսել առանձնահատկությունների մասին: Բայց դա կլինի էական աջակցություն այդ երկրի էներգետիկ հատվածին»՝ հավելել է ամերիկացի պաշտոնյան: