Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է երեխաների պաշտպանության վերաբերյալ հանրաքվե անցկացնելու մասին՝ տեղեկացնում է euronews-ը: Այս քայլով Օրբանը պատասխանում է Հունգարիայի օրենքը վերանայելու Եվրահանձնաժողովի հայցին:
Հունգարական օրենքն արգելում է դպրոցներում և այլ հաստատություններում անչափահասների համար նույնասեռական հարաբերությունների մասին գրականության և նյութերի օգտագործումը՝ նպատակ ունենալով ապահովել երեխաների բարեկեցությունն ու պայքարել մանկապղծության դեմ:
«Մեր երկրի վրա ճնշումն այնքան մեծ է, որ միայն համընդհանուր կամարտահայտումը կարող է պաշտպանել Հունգարիան, ուստի կառավարությունը որոշեց նախաձեռնել հանրաքվե»,- ասել է վարչապետը:
Հունգարացիները պետք է արտահայտեն իրենց վերաբերմունքը հանրային կրթական հաստատություններում առանց ծնողների համաձայնության սեռական կողմնորոշման թեմայով դասընթացներ անցկացնելու նպատակահարմարությանը, անչափահասների համար սեռի փոփոխության ընթացակարգերի ներդրմանը, այդ թվում՝ հորմոնալ թերապիային և ԶԼՄ-ներից սեռական բնույթի նյութերի հրապարակման հարցում սահմանափակումների վերացմանը:
Հունգարական օրենքը, սակայն, խիստ քննադատության է ենթարկվել ԼԳԲՏ համայնքի անդամների նկատմամբ խտրականության պատճառաբանությամբ, և այդ օրենքի հետ կապված՝ Եվրամիությունը դատի է տվել Հունգարիային։