44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո Ադրբեջանի իրականացրած ռազմական ու մշակութային հանցագործությունները մեկ հարթակում: Կառավարության «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը գործարկել է war.karabakhrecords.info կայքը:
Տարոն Հովհաննիսյան, «Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ - Սրանք դեպքեր են, փաստեր, որոնք պետք է հիշել՝ ապագայում նմանատիպ ոճիրներից խուսափելու համար: Պետք է այդ ամենը վերլուծել և հետևություններ անել, ինչպես նաև հասկանալ, թե ում հետ գործ ունենք:
Կայքը բաղկացած է ռազմական հանցագործություն, մշակութային ցեղասպանություն, ատելության խոսք և այլ բաժիններից: Հայերենով, ռուսերենով և անգլերենով առկա տեղեկատվությունը շարունակաբար թարմացվելու է:
Տարոն Հովհաննիսյան - Սա միայն արխիվային, բազային կայք չէ, որովհետև այս պահին Արցախի գրեթե 70 տոկոսը գտնվում է Ադրբեջանի օկուպացիայի տակ, և այդ տարածքներում վերջիններս շարունակում են քանդել հայկական մշակութային կոթողները, պղծել հուշարձանները, թալանել մարդկանց գույքը և իրականացնել այլ տեսակի հանցագործություններ:
Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիները, քաղաքացիական անձինք ու նրանց նկատմամբ Բաքվի անմարդկային վերաբերմունքը նույնպես մասնագետների ուշադրության կենտրոնում են: Այս հարցում Տարոն Հովհաննիսյանը կարևոր է համարում «Մի՛ վնասիր» սկզբունքը:
Տարոն Հովհաննիսյան - Առայժմ բաժինը լրացված չէ, ծրագրում ենք նաև այդ բաժնում տեղադրել համապատասխան նյութերը, քանի որ նշյալ թեման բավական զգայուն է, այս պահին էլ մենք գերիներ ունենք Ադրբեջանում, աշխատում ենք թեմային անդրադառնալ այնպես, որ դա չվնասի Ադրբեջանում գտնվող մեր ռազմագերիներին:
Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի վերաբերյալ տեղեկությունն ամբողջացնելուց հետո կայքի հեղինակները ծրագրում են ապագայում թվայնացնել նաև Արցախյան առաջին և 2016-ի Ապրիլյան պատերազմներում արձանագրված ոճիրները, սակայն նշում են՝ ժամանակատար աշխատանք է: