Ֆրանսիայում նշվել է ազգային տոնը՝ Բաստիլի գրավման օրը: «Նվաճել ապագան» կարգախոսի ներքո Փարիզում տեղի է ունեցել ռազմական շքերթ, որն ավանդույթի համաձայն ընդունել է նախագահ Էմանուել Մակրոնը՝ ներկայացնում է euronews-ը:
Ելիսեյան դաշտերի վրա երկինքը ծածկվել է ֆրանսիական դրոշի եռագույնով: Զինված ուժերի հիմնական զորքերի, էլիտար ստորաբաժանումների, ռազմական դպրոցների ներկայացուցիչները, ժանդարմերիայի և ոստիկանության, մաքսային և բժշկական ծառայությունների աշխատակիցները հանդիսավոր երթով շարժվել են մայրաքաղաքի գլխավոր պողոտայով:
Շքերթի պատվավոր հյուրերն էին «Տակուբա» Եվրոպական հատուկ ջոկատի մարտիկները, որոնք կռվել են ջիհադականների դեմ:
Երկու ժամ տևողությամբ արարողությունն ավարտվել է հայտնի, այդ թվում՝ ժամանակակից երգերի երգչախմբային կատարումներով և, իհարկե, «Մարսելիեզ» ազգային օրհներգով:
Համաճարակի պատճառով սահմանափակվել է հասարակության մուտքը: Տրիբունաներում հատկացվել է 10 հազար նստատեղ՝ երկուսուկես անգամ պակաս, քան քովիդի սկսվելու ժամանակ էր: Դիտողները պարտավոր էին տրամադրել պատվաստման վկայագիր և PCR բացասական թեստ: