Թուրքիայի իշխանությունը շարունակում է անցանկալի անձանց ձերբակալությունները գյուլենական շարժման հետ կապի պատճառաբանությամբ:
Անվտանգության ուժերը ձերբակալել են 125 մարդու 47 նահանգում իրականացրած գործողությունների ժամանակ՝ նրանց ներկայացնելով Ֆեթուլլահ Գյուլենի անօրինական իսլամական շարժման հետ կապ ունենալու մեղադրանք:
Արևմտյան Իզմիր քաղաքի դատախազները 229 կասկածյալի, այդ թվում՝ երկու փոխգնդապետի, մեկ մայորի և երկու կապիտանի, ձերբակալման օրդեր են տվել՝ հաղորդում է Ahval-ը: Նշվում է, որ կասկածյալների թվում են ռազմական դպրոցների նախկին աշակերտները:
Թուրքիան պնդում է, որ ԱՄՆ-ում ապրող իսլամական հոգևորական Գյուլենի հետևորդներն են կազմակերպել 2016-ի հուլիսին ձախողված ռազմական հեղաշրջումը: Այդ դեպքից հետո տասնյակ հազարավոր քաղաքացիական ծառայողներ և զինվորականներ են վտարվել ու ձերբակալվել խմբավորման հետ կապ ունենալու մեղադրանքով:
Գյուլենը հերքում է հեղաշրջմանն իր մասնակցությունը, իսկ Թուրքիայի իշխանությունները սպասում են, որ Միացյալ Նահանգներն ի վերջո կբավարարի նրան արտահանձնելու իրենց պահանջը: