Կիպրոսի խորհրդարանական ընտրությունների արդյունքում ընտրվել է 2 հայազգի պատգամավոր: Հայ համայնքը երկրում գործող երեք կրոնական փոքրամասնություններից մեկն է, որն իրավունք ունի ընտրելու խորհրդարանում հայերի շահերը ներկայացնող մեկ պատգամավոր: Երկրում հայերի համար նախատեսված հատուկ ընտրատեղամասերում համայնքը վերընտրել է Վարդգես Մահտեսյանին: Հունական «ԴԻՊԱ» կուսակցության հայազգի ղեկավար Մարիոս Կարոյանը նույնպես դարձել է պատգամավոր:
Վարդգես Մահտեսյան, Կիպրոսի խորհրդարանի պատգամավոր - Կիպրոսի կառավարությունը կամ խորհրդարանը միշտ աջակցել են թե՛ Կիպրոսի հայությանը, և թե՛ Հայաստանին ու Արցախին: Շատ ուրախ եմ և վստահ, որ մեր կապերը կշարունակվեն նաև ապագայում:
Վարդգես Մահտեսյանի խոսքով՝ թեպետ Կիպրոսի հայ համայնքն այդքան էլ մեծ չէ, սակայն համախմբված է: Հայաշատ քաղաքներից Նիկոսիայում, Լառնակայում և Լիմասոլում ապրում է մոտ 4000 հայ, որոնք հատկապես նախորդ տարվա պատերազմի օրերից սկսած՝ ակտիվորեն բարձրաձայնում են հայությանը հուզող խնդիրների մասին:
Վարդգես Մահտեսյան - Առաջին հերթին պետք է ասեմ, որ մենք հայախոս համայնք ենք: Միևնույն ժամանակ՝ հպարտությամբ կարող եմ նշել, որ մինչ օրս, երբ մենք նրանց կոչ ենք արել բոլոր մտահոգիչ հարցերով համախմբվել, օգտակար լինել, նրանք լիովին աջակցել են և ամեն ուղղությամբ աշխատանք են տարել:
Այժմ կիպրոսահայության ուշադրության կենտրոնում Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խնդիրն է: Վարդգես Մահտեսյանը նշեց, որ այս հարցով մշտական կապի մեջ են միջազգային կառույցների հետ, նամակներ են ուղարկում և ցույցեր կազմակերպում խնդիրն ուշադրության կենտրոնում պահելու համար: