ՀՀ-ում ԲԴԽ նախագահի դեմ քրեական գործ է հարուցվել, ԲԴԽ նախագահին մեղադրանք է առաջադրվել, և ԲԴԽ-ն իր որոշմամբ նրա լիազորություններն օրենքով սահմանված ձևով կասեցրել է: Ամենակարևոր փաստը՝ ԲԴԽ նախագահի դեմ քրեական գործի հարուցումը, ըստ էության, կապ ունի հենց դատական համակարգի հետ: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ իրադրություն ունենք 2021 թ. ՀՀ-ում: Դատական համակարգը, ըստ էության, հասել է նրան, որ դատական համակարգի բարձր օղակներից մեկի դեմ քրեական գործ է հարուցվել: Սա ցույց է տալիս, որ մենք հասել ենք կարևոր նպատակի. դատական համակարգն ինքը պայքարում է դատական համակարգի անկախության և արդարության համար, հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում պատգամավորների հարցին պատասխանելիս:
Նրա խոսքով՝ երբ իշխանությունն ու կառավարությունն են պայքարում դատական համակարգի համար, պարզ է դրա արդյունքը: «ՀՀ պատմության մեջ երբեք այս բարձր ամբիոններից չի պակասել հայտարարությունները, թե կբռնեն, անկախ դատական համակարգը կանկախացնեն: Բայց այսօր մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ ԲԴԽ նախագահը գործով մեղադրյալ է»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ այդ քրեական գործը նախաձեռնել են հենց դատական համակարգից: Վարչապետի պաշտոնակատարը խոսեց նաև արդարադատության ոլորտի վերաբերյալ օրենսդրական բարեփոխումների մասին: «Օրենսդրական փոփոխությունների տրամաբանությունը եղել է այն, որ հենց դատական համակարգի ներսում կարողանանք հարուցել ինքնամաքրման պրոցես»,- շեշտեց նա՝ հիշեցնելով, որ կարգապահական ու էթիկայի հանձնաժողովներ ձևավորվել են հենց դատական համակարգի ներսում, ինչը փաստում է իշխանությունների կամքը՝ ունենալ իրոք անկախ դատական համակարգ: «2018 թ. չենք տրվել թացը չորի հետ խառնելու գայթակղությանը»,- ասաց նա: Փաշինյանը կարևորեց դատական համակարգում շարունակական բարեփոխումները: «Մենք ոչ թե ավարտել ենք աշխատանքը, այլ պետք է մեր արածի արդյունքները նկատենք: Եվ մենք, այո, շատ կարևոր արդյունքներ այդ ոլորտում ունենք»,- նշեց նա: