Թուրքիան ամենաշատ մտավորականների անազատության մեջ պահող երեք երկրներից մեկն է աշխարհում: Այս մասին հայտնի է դարձել գրողների միջազգային PEN ընկերակցության ԱՄՆ-ի մասնաճյուղի հրապարակած «Գրելու ազատություն 2020» զեկույցից, գրում է ermenihaber-ը:
Ըստ հրապարակված տվյալների՝ առաջին տեղում Չինաստանն է, որտեղ բանտարկված է 81 մտավորական, երկրորդ տեղում Սաուդյան Արաբիան է՝ 32 բանտարկված մտավորականով, իսկ երրորդում Թուրքիան է՝ 25 մտավորականով:
Զեկույցում նշվում է, որ 2020-ին Թուրքիայում հայտարարված համաներման արդյունքում ազատ են արձակվել քրեական հոդվածներով դատապարտվածներ, սակայն ոչ մի քաղբանտարկյալ:
Լրագրողների միջազգային ֆեդերացիայի հրապարակած զեկույցից էլ երևում է, որ 2021-ի մարտի դրությամբ Թուրքիան ամենաշատ բանտարկված լրագրողներ ունեցող երկիրն է աշխարհում՝ 67 լրագրող:
Ազատազրկումների վերաբերյալ Եվրախորհրդի 2020-ի զեկույցում նշվել է, որ խորհրդի 47 երկրների շարքում Թուրքիան առաջին տեղն է զբաղեցնում յուրաքանչյուր 100 հազար բնակչի հաշվով առկա բանտարկյալների թվով: