«Ունենք ՍԴ որոշում, ունենք դրա արդյունքում առաջին ատյանի դատարանի կայացրած դատական ակտ, որը մեր կողմից վիճարկվել է վերաքննիչ դատարանում՝ համապատասխան հիմնավորումներով: Հիմնավորումների մասին բազմիցս խոսել ենք հրապարակային: Այդ գործի՝ մեր պատկերացրած իրավական հեռանկարի հարցով մենք նաև նախաձեռնել ենք դիմում՝ ՍԴ-ին»,- լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ անդրադառնալով «Մարտի 1»-ի գործին: Նրա խոսքով՝ եթե ՍԴ-ն բավարարի Դատախազության դիմումը, ապա հնարավորություն կստեղծվի վերաորակելու այդ գործով ամբաստանյալների արարքները, և հնարավորություն կլինի շարունակելու դատաքննությունը, հիմնավորելու ապացույցները, և արդյունքում՝ կկայացվի համապատասխան դատական ակտ: «Եթե մեր դիմումը չի բավարարվում, ՍԴ-ն գտնում է, որ վերաորակման հնարավորություններ չի տալիս, ապա իմ ասած իրավական ճանապարհով չենք կարող գնալ»,- նշեց դատախազը:
Դավթյանը հիշեցրեց, որ «Մարտի 1»-ի քրեական գործից նաև անջատված մաս կա, որը դեռ նախաքննության փուլում է: «Այն իր մեջ ներառում է ոչ միայն անձանց սպանությունների վերաբերյալ հատվածներ, այլև այդ գործընթացին առնչված բազում այլ հանցավոր դրսևորումներ: Եթե դրա քննության արդյունքում կպարզվի, այդ թվում՝ երեկ եղած ամբաստանյալների կողմից այլ հանցավոր դրսևորում, ուրեմն մինչդատական վարույթի գործով նրանց նկատմամբ քրեական հետապնդում կիրականացվի»,- ասաց Դավթյանը: