Թուրքիայի ոստիկանությունը բերման է ենթարկել 10 պաշտոնաթող ծովակալի, որոնք ստորագրել են Մոնտրոյի կոնվենցիան պաշտպանող նամակը: Այն ստորագրած ևս չորս ծովակալի կանչել են հարցաքննության՝ հայտնում է ermenihaber-ը:
Կիրակի 103 պաշտոնաթող թուրք ծովակալներ հրապարակել են նամակ, որում Մոնտրոյի կոնվենցիան անվանել են Թուրքիայի դիվանագիտական հաղթանակ, քանի որ այն հնարավորություն է տվել վերականգնելու երկրի սուվերեն իրավունքները Բոսֆորի և Դարդանելի նկատմամբ: Նախկին ծովակալներն անընդունելի են համարել այդ համաձայնագիրը վերանայելու համար քննարկումները՝ կապված Ստամբուլի ջրանցքի նախագծի հետ, որը կգործի Բոսֆորի նեղուցին զուգահեռ և կկապի Մարմարա ու Սև ծովերը: Նամակում պաշտոնաթող ծովակալները նաև պաշտպանել են Թուրքիայի գործող Սահմանադրությունը, որը նախագահ Էրդողանը ցանկանում է փոխել:
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Մոնտրոյի կոնվենցիան չի տարածվելու նախատեսված Ստամբուլի ջրանցքի վրա: Հանրապետության արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն էլ հայտարարել էր, որ «Ստամբուլի» նախագիծը ուղղված չէ Մոնտրոյի կոնվենցիայից Թուրքիայի հրաժարվելուն:
1936 թվականին ընդունված Մոնտրոյի կոնվենցիայով բոլոր երկրների առևտրական նավերը կարող են ազատ նավարկել նեղուցով և՛ խաղաղ, և՛ ռազմական պայմաններում: Ռազմանավերի անցման ռեժիմը տարբեր է սևծովյան և ոչ սևծովյան պետությունների համար: Ոչ սևծովյան տերությունների դեպքում կա հստակ սահմանափակում. միայն փոքր ու ոչ շատ մեծ ռազմանավերին է թույլատրվում մուտք գործել նեղուց: