Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների մասին միջազգային ամբիոնից բարձրաձայնելն առաջնային էր Հայաստանի պատվիրակության համար, ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանն ամփոփելով շեշտում է պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը։ Դեռ Ստրասբուրգ մեկնելուց առաջ պատգամավորները դիմել էին խորհրդարանական վեհաժողովի բյուրոյին՝ ռազմագերիների հարցը մեծ օրակարգ ընդգրկելու համար, սակայն առաջարկը մերժվել էր ու ընթացիկ քննարկման թեման դարձել էր ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին։
«Սա կանխատեսելի էր»,- բացատրում է Ռուբինյանը՝ պատասխանելով քննադատություններին, թե խորհրդարանական դիվանագիտությունը ԵԽԽՎ-ում չի կարողացել արդյունք ապահովել։
Ռազմագերիների հարցի մեծ օրակարգ չմտնելը որպես թերացում չի որակում ու պատվիրակության իշխանական ղեկավարին չի քննադատում «Լուսավորից» Էդմոն Մարուքյանը։ «Ստրասբուրգում արվել է հնարավորը»,- ընդգծում է նա՝ նկատելով՝ այս փուլում եվրոպացի պատգամավորների համար առաջնային էր Նավալնիի ձերբակալությունն ու նրա ազատության համար ցույց անող հազարավոր մարդկանց բերման ենթարկելու փաստը։ Սրա կողքին, սակայն, Մարուքյանի գնահատմամբ՝ չի անտեսվել հայկական օրակարգը։
Ադրբեջանը հայտնվել է ԵԽԽՎ մոնիթորինգի տակ ու այդ երկրի հետպատերազմյան վարքագիծը ավելի մեծ ուշադրության կարժանանա՝ կարծում է Ռուբինյանը։
Ի հեճուկս ադրբեջանցի պատգամավորների պնդումներին, թե հակամարտությունն այլևս անցյալում է, հայաստանյան պատվիրակությունը Ստրասբուգում կարողացել է փաստերով ապացուցել, որ 44-օրյա պատերազմից հետո էլ հայատյաց քաղաքականությունը շարունակող Ադրբեջանը խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետը՝ ռազմագերիների ու պատանդների անհապաղ փոխանակումը, ասում են պատգամավորները։
Պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի խոսքով էլ՝ եվրապատվիրակները նաև Ադրբեջանի իրական՝ ագրեսիվ կերպար են տեսել հատկապես հանձնաժողովների քննարկումներում, երբ հումանիտար հարցերի մասին խոսակցություններում այդ երկրը փորձում էր ռազմագերիներին ահաբեկիչ ներկայացնել ու նման քայլով հարուցում պատգամավորների զարմանքը։