Ռուս խաղաղապահների տեղակայումը կայունացրել է իրավիճակը Հարավային Կովկասում։ Հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը՝ առցանց ճեպազրույցի ընթացքում: Ստանիսլավ Զասը Ղարաբաղյան հակամարտության գոտու ռազմական գործողությունները համարում է կովկասյան տարածաշրջանում ՀԱՊԿ-ի գլխավոր մարտահրավերը:
Ստանիսլավ Զաս, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար - Սա վերջին ժամանակներում հետխորհրդային տարածքում ամենածավալուն ու արյունալի բախումն էր՝ կողմերի ծանր սպառազինության, համազարկային համալիրների, տանկերի, ավիացիայի ու անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ: Ռուսաստանի միջնորդությամբ հաջողվել է կանգնեցնել արյունահեղությունը և կանխել ավելի մեծ ողբերգությունը։
Լեռնային Ղարաբաղի պայմանավորվածություններն անհրաժեշտ պայմաններ են ստեղծում ճգնաժամի երկարաժամկետ ու լիարժեք կարգավորման համար՝ կարծում է Ստանիսլավ Զասը:
Հակամարտության կարգավորումն առաջանահերթություն է նաև ԵԱՀԿ օրակարգում: Հարցին Մոսկվա կատարած այցի ընթացքում անդրադարձել է ԵԱՀԿ նախագահ Ան Լինդեն:
Ան Լինդե, Շվեդիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ նախագահող - Քննարկումների մեծ մասը նվիրված էր ԵԱՀԿ օրակարգային հարցերին։ Նախորդ տարի բռնկվեց հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ, ինչը մեծ տառապանք բերեց մարդկանց։ Այն ցույց տվեց, որ հակամարտությունների մի մասը մնում է չլուծված և այս դեպքում ԵԱՀԿ-ն պետք է մեծ դերակատարում ունենա, որպեսզի ապահովվի կայուն խաղաղություն: Միջազգային մարդասիրական իրավունքի պահպանումը դառնալու է մեր գործողությունների փարոսը:
ԵԱՀԿ նախագահի հետ հանդիպման ավարտին կայացած ճեպազրույցում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդգծեց՝ քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո: