Հայաստանի երիտասարդների առաջնությամբ տարին մեկնարկեցին սուսերամարտիկները: Մրցումային առաջին օրը պայքարի էին դուրս եկել ճկասուսեր և խոցասուսեր զենքաձևի ներկայացուցիչները, սակայն մինչև եզրափակիչ մարտերի մեկնարկը, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում ունեցած ավանդի ու ծննդյան 60-ամյակի կապակցությամբ Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի նախագահ Արմեն Գրիգորյանը պարգևատվեց ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալով: Պարգևը Արմեն Գրիգորյանին հանձնեց ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը:
Ֆեդերացիայի նախագահի պնդմամբ՝ տարվա մեկնարկը առավել քան հաջող է ստացվել: Առաջնությունից հետո կազմավորվելու է նաև ազգային հավաքականը, որը կմեկնի հավաքի և կպատրաստվի կայանալիք միջազգային մրցաշարերին:
Սուսերամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նավասարդյանն ընդգծում է, որ սուսերամարտի մարզադպրոցների աշխատանքի վրա լուրջ ազդեցություն է գործել կորոնավիրուսային համավարակը: Տևական ժամանակ դրանք չեն աշխատել ու վերաբացվելուց հետո կրճատվել է մարզադպրոց հաճախողների քանակը, այդուհանդերձ, համավարակը չի անդրադարձել առաջատարների վրա: Նրանք պահպանել են իրենց մարզավիճակն ու որակները, առաջնությունում էլ հիմնականում անակնկալներ չեն գրանցվել և լավագույնները կազմեցին կիսաեզրափակիչ զույգերը:
Մրցումային առաջին օրը տղաները պայքարեցին խոցասուսեր, իսկ աղջիկները ճկասուսեր զենքաձևերում: Տղաների պայքարում առաջին հորիզոնականը զբաղեցրեց Աշոտ Խալաթյանը, որը եզրափակիչում պարտության մատնեց Գրիգոր Մնացականյանին: Աղջիկների պայքարում գլխավոր մրցանակին արժանացավ Աիդա Ալոյանը, երկրորդը՝ Անի Սիմոնյանն էր: Երիտասարդ Աշոտ Խալաթյանի համար սա առաջին ոսկե մեդալն էր: