Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում ՀԱՊԿ-ը գործել է հիմնարար պայմանագրի համաձայն՝ հայտարարել է կառույցի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը՝ տեղեկացնում է Belta-ն:
«Մենք ունենք հիմնարար պայմանագիր հավաքական անվտանգության վերաբերյալ, որտեղ հստակ սահմանված են ՀԱՊԿ-ի հնարավորությունների օգտագործման պայմաններն ու կարգը՝ այս կամ այն պետությանն օգնելու համար»,- նշել է Զասը:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խոսքով՝ փաստաթղթում հստակ նշված է, որ ագրեսիայի՝ ռազմական հարձակման դեպքում, ինչը սպառնում է կառույցի անդամ ցանկացած պետության անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը, կառույցին դիմելուց հետո այդ պետությունն անհապաղ բազմակողմանի աջակցություն կստանա, այդ թվում՝ ռազմական:
«Այս իրավիճակում Հայաստանը՝ ՀԱՊԿ-ից ռազմական օգնություն ստանալու նպատակով կառույցին չի դիմել: Հետևաբար, մեխանիզմը չի գործարկվել»,- ընդգծել է Ստանիսլավ Զասը: