«Ատելությունը մեր մեջ» փաստագրական ֆիլմը վերածվել է ֆրանչայզի, որը կենտրոնացած է անարդարությանը վերջ տալու համար փոփոխություններ կատարելու անհրաժեշտության վրա: Յուրաքանչյուր հաջորդ մասը կուսումնասիրի ատելության սերմանումը, զարգացումը և տարածումը տարբեր երևույթների և մարդկանց խմբերի դեմ՝ գրում է Forbes-ը:
2017-ին Դեյվիդ Մաքքենզին, Դին Քեյնը, Մոնթել Ուիլյամսը և Սերգեյ Սարկիսովը՝ որպես Associated Television International-ից Հայոց ցեղասպանության մասին «Մերժման ճարտարապետներ» վավերագրական ֆիլմի պրոդյուսերներ, անդրադարձան վիճահարույց թեմայի, որը մինչ օրս լիովին ճանաչված չէ: Կինոքննադատ Գարի Գոլդշտեյնը Los Angeles Times-ում գրել է. «Ֆիլմում հայերի ոչնչացման մասին պարբերաբար հիշեցումը շատ հմտորեն ընդգրկված է վերջին օրերի ցեղասպանության կոնտեքստում: Առավել դրամատիկ է, սակայն, ցնցող հիշեցումն այն մասին, թե ինչպես է Հայոց ցեղասպանության նկատմամբ անտարբերությունը Ադոլֆ Հիտլերին ստիպել հավատալ, որ աշխարհը աչք կփակի նաև «Վերջնական լուծման» իր տարբերակի վրա:
«Ատելությունը մեր մեջ» վավերագրական ֆիլմն անդրադառնում է հրեական և այլ հավատքների ներկայացուցիչների նկատմամբ ատելության հանցագործությունների ծագմանն ու մեր օրերում նկատվող ատելության նոր ալիքի բարձրացմանը: Այն թողարկվել է 2019 թ. ու ստացել մրցանակներ։
Այս շարքում Associated Television International ընկերության պրոդյուսերական թիմն առանձին ֆիլմով կանդրադառնա նաև Ադրբեջանում հակահայկական քարոզչության երևույթին՝ ուսումնասիրելով դրա պատմական զարգացումը և հետևանքները, այդ թվում նաև 2020 թվականի պատերազմի օրինակով։ Փաստահավաք աշխատանքը մեկնարկել է արդեն պատերազմի օրերին։ Առաջիկայում ընկերությունը կհայտնի Ֆիլմի աշխատանքների ընթացքի մասին։