Շուշիի անկումից հետո երկու անգամ այն վերադարձնելու փորձեր են արվել: Այդ մասին Ֆեյսբուքի ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մի օր Շուշին, ըստ էության, անցավ հակառակորդի հսկողության տակ, որից հետո մի հակագրոհ եղավ մեր կողմից, որը ձախողվեց, և հաջորդ օրը մեր ջոկատներից մեկին հաջողվեց մուտք գործել Շուշի: Եվ այդ հակասությունները՝ մարտերը շարունակվում են, ում հսկողության տակ է, կապված են այս խնդրի հետ: Բայց մեծ հաշվով, ցավոք, իրադրությունն այդ առումով չի հաջողվել փոխել»,- նշեց Փաշինյանը:
Անդրադառնալով ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, թե Շուշիի շուրջ դավադրություն է եղել, և հոկտեմբերի 28-ին, երբ Շուշին դեռ կանգուն էր, ՌԴ-ն համաձայն է եղել Արցախում խաղաղապահներ տեղակայելուն, բայց ինքը համաձայն չի եղել, համաձայնել է միայն Շուշիի առումից հետո՝ Փաշինյանը նշեց, որ դա բացարձակ անհեթեթություն է, որը փաստերով է ապացուցվում:
«Հոկտեմբերի 22-ին ռուսական լրատվական գործակալության հետ հարցազրույցում ես նշել եմ, որ կողմ եմ ռուսական խաղաղապահների տեղակայմանը, նույնը կրկնել եմ հնդկական հեռուստաընկերության հետ հարցազրույցում:
Եթե դավադրության կամ պատճառների մասին ենք խոսում, եկեք արձանագրենք փաստ, որ երբ Գագիկ Ծառուկյանը բանտից դուրս եկավ, հայտարարեց, որ կամավորական ջոկատ է կազմելու և անձամբ է գլխավորելու այդ ջոկատը: Հետո մենք տեսանք ռեպորտաժ, վերնագիր, տեսանք «Նիվաներ», տեսանք «Վիլիսներ» և այլն: Բայց այդպես էլ կարծես թե կամավորական ջոկատ չտեսանք՝ առավելևս Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ Շուշիի մոտակայքում կռվելիս: Այդ ջոկատը, որը կռվում էր Շուշիի մոտակայքում, մյուսն էլ ներթափանցել Շուշի, բավարար ռեզերվներ ունենալու դեպքում, գուցե կարողանար Շուշին պահել:
Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ Շուշիի անկման առանցքային պատճառներից մեկը Ծառուկյանի խոստացած կամավորական ջոկատի բացակայությունն էր Շուշիի մարտին»,- նշեց Փաշինյանը: