ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հանձնախմբի կոնգրեսականներ, այդ թվում՝ Ֆրանկ Փալոունը, Գուս Բիլիրակիսը, Ադամ Շիֆը և Ջեքի Սփեյերը, Լեռնային Ղարաբաղի խաղաղության գործարքի վերաբերյալ հայտարարություն են տարածել, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:
Հայտարարության մեջ ասվում է.
«Որպես հայկական հարցերով կոնգրեսական խմբի համանախագահներ, մենք մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Հայաստանի և Արցախի ժողովրդին: Նրանք համարձակորեն պաշտպանեցին իրենց հայրենիքն ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի աջակցությամբ օտարերկրյա վարձկանների՝ բախվելով անօդաչու թռչող սարքերի սարսափելի հարձակումներին և դիմանալով ադրբեջանական ուժերի կատարած վայրագություններին:
Մենք կանգնած ենք Հայաստանի և Արցախի կողքին և վերահաստատում ենք մեր շարունակական աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական կառավարությանը և Արցախի ինքնորոշման իրավունքին: Մենք խորապես հիասթափված ենք այն բանից, որ ԱՄՆ-ը չկարողացավ արդյունավետ դեր խաղալ այս ողբերգական արդյունքից խուսափելու հարցում:
2020 թվականի սեպտեմբերի 27-ին ադրբեջանական հարձակման սկզբից ի վեր մենք վարչակազմին կոչ ենք արել օգտագործել բոլոր առկա ռեսուրսները՝ Թուրքիային և Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար: Եթե Վարչակազմը վճռականորեն գործեր հրադադարի հասնելու համար և օգտագործեր այնպիսի լծակներ՝ զերծ մնալով ռազմական օգնության տրամադրումից և վերականգնելով օրենքի 907-րդ բաժինն ու պատժամիջոցները, հազարավոր կյանքեր կարող էին փրկվել, և հնարավոր էր վերադարձ խաղաղ բանակցություններին:
Երեկ հայտարարված համաձայնագրի ուսումնասիրության ընթացքում մենք կրկնապատկելու ենք մեր ջանքերը՝ աջակցելու Հայաստանին և Արցախին Ադրբեջանի և Թուրքիայի աղաղակող թշնամանքի դեմ և պատասխանատվության ենթարկելու բոլոր նրանց, ովքեր վերջին շաբաթների ընթացքում վայրագություններ են գործել խաղաղ բնակչության դեմ: ԱՄՆ-ը չպետք է շարունակի պասիվ անտեսել Թուրքիայի սպառնալիքը՝ ուղղված Արևելյան Միջերկրական ծովի, Մերձավոր Արևելքի և Կովկասի կայունությանը»:
Հիշեցնենք, որ ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մորգան Օրթագուսը Լեռնային Ղարաբաղի նոր զարգացումների մասին . «Միացյալ Նահանգները խստորեն դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շփման գծի երկայնքովբռնության աճը և մարդկային կյանքերի կորուստը: Մենք ի գիտություն ընդունեցինք Ռուսաստանի միջնորդությամբ պայմանավորված գործողությունները դադարեցնելու մարտերը և շահագրգռված կլինենք ավելին իմանալ այս նոր պայմանավորվածության և դրա իրականացման մանրամասների մասին, դրանց իրագործման ընթացքում: Չնայած մենք ուրախ ենք տեսնել բռնության ավարտը, մենք դեռ չենք կարող մեկնաբանել հրադադարի կոնկրետ մանրամասները կամ դրան հաջորդող քայլերը: Ցանկացած հարց, թե ինչպես են կողմերը ընկալում նոր պայմանավորվածությունները, պետք է ուղղված լինեն նրանց»: