Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերում կրկին խոսեց ստորագրված փաստաթղթի մասին:
«Այդ դրվագը ոչ թե հանձնելու, այլ պահելու մասին է, որովհետև այդ փաստաթուղթը ստորագրվել է մի իրավիճակում, երբ ընկած էր Շուշին, և երբ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբն ինձ զեկուցում էր, որ ռեսուրսները բավականին պրոբլեմատիկ վիճակում են՝ մեղմ ասած, և Արցախի ղեկավարությունը կիսում էր այդ կարծիքը»,- նշեց Փաշինյանը:
Նրա խոսքով՝ փաստաթղթով տրվել է այն, ինչն ըստ ռազմական և ոչ ռազմական գնահատականի՝ մենք չէինք կարողանա պահել:
«Մի իրավիճակ էր, երբ Ստեփանակերտն անպաշտպան էր մնացել, և եթե ռազմական գործողությունները շարունակվեին, շատ մեծ հավանականություն կար, որ կգրավվեր Ստեփանակերտը, Մարտունին, Ասկերանը, որից հետո մեր 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ պաշտպանական շրջանները և մեր հազարավոր զինվորներ կհայտնվեին շրջափակման մեջ: Արդյունքում՝ տեղի կունենար ամբողջական կոլապս: Արդյունքում՝ հենց այս գնահատականի հիման վրա է կայացվել այդ որոշումը»,- նշեց Փաշինյանը:
«Պատահական չէ, որ բազմաթիվ դեպքեր ունենք, երբ առաջնագծի զիվորներն ուղերձ են հղում՝ պաշտպանելով կայացված որոշումը: Սա նրանից է, որ նրանք գիտեն իրավիճակը, գնահատականն ու գիտեն՝ ինչու և ինչ պայմաններում է կայացվել այս որոշումը»,- ասաց վարչապետը: