Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանին՝ Չինարիում, հակառակորդին դեմ դիմաց կանգնած դպրոցում նախագահ Արմեն Սարգսյանին են դիմավորում: Սահմանապահ Չինարիի դպրոցը հուլիսին Ադրբեջանի զինուժի հրետակոծության տակ հայտնվեց, վնասվեց նաև գույքը:
Աշխատանքային այցի ժամանակ նախագահ Սարգսյանը Չինարիի դպրոցին, որպես նվիրատվություն, հատկացրեց նոր գույք, համակարգչային տեխնիկա, որ մարզերի և Արցախի երեխաները կապվեն Սփյուռքի իրենց հասակակիցների հետ:
Մարզի, տարածաշրջանի աշխարհիկ ու հոգևոր ղեկավարների հետ զրույցում Հանրապետության նախագահը շնորհակալություն հայտնեց սահմանապահ տավուշցիներին՝ զինված ուժերի հետ միասին պետական սահմանն ամուր պահելու համար: Պատրաստակամություն հայտնեց աջակցել։
Արմեն Սարգսյան, ՀՀ Նախագահ - Ես ինչ-որ իմաստով դարձել եմ այս դպրոցի և գյուղի բարեկամը։ Համարեք, որ սա նաև իմ դպրոցն է, և եթե խնդիրներ կան` ինձ ասեք։
Արմեն Սարգսյանի հանձնարարությամբ նախագահի աշխատակազմը կլուծի նաև դպրոցի ջեռուցման խնդիրը: Նախագահը Չինարիից այցելեց Բերդ՝ շինարարական ձեռնոցների «Տավուշ տեքստիլ» արտադրամաս: Հուլիսին հակառակորդի արձակած մի քանի արկ էր պայթել այստեղ:
«Տավուշ տեքստիլը» վերջին ամիսներին նաև բժշկական դիմակներ է արտադրում: Մոտ օրերս սահմանապահ Պառավաքարում ևս, «Տավուշ տեքստիլի» նոր արտադրամաս կբացվի:
Հանրապետության նախագահն ամփոփում է այցը՝ Տավուշ. «Մենք հաղթելու ենք, եթե բոլորս միասին ենք, միասնական Հայաստանում, Արցախում և Սփյուռքում»: