Ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական ճգնաժամի հաղթահարումն անկյունաքարային նշանակություն է ունենալու մեր երկրի զարգացման համար: Այդ մասին ԱԺ հայտարարությունների ժամին հայտարարեց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը:
Նրա խոսքով՝ պետք է ախտորոշել սահմանադրական ճգնաժամը և պետությանը դրա հասցրած վնասը: Ա.Բաբաջանյանը վստահ է, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի նպատակը Հայաստանում ժողովրդավարության պաշտպանությունն է: «Առավել քան վստահ եմ, որ մոտեցել է այն պահը, որ մինչև հանրաքվեն Սահմանադրական դատարանի գործունեությունը պետք է ստանա պատշաճ իրավաքաղաքական գնահատական: Առանց այդ գնահատականի սահմանադրական հանրաքվեի ողջ գործընթացը բովանդակազուրկ է»,- ընդգծեց պատգամավորը՝ հավելելով, որ եթե հանրաքվեի գործընթացի մեջ մտնենք առանց այդ գնահատականի, ապա ոչինչ չենք ավելացնելու մեր երկրի ժողովրդավարությանը: