Խորհրդարանում աշխատանքային նստաշրջանն ամփոփող ճեպազրույցների ժամանակ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն ասաց. «Մի անառիկ ատյան է մնացել և դա Սահմանադրական դատարանն է: Այդ ատյանն էլ է իշխանությունն ուզում իրանով անել, էլ էս երկրում մարմին չկա, որ իշխանության հլու-հնազանդ ծառան չլինի: Մենք պարզապես ուզում ենք, որ ՍԴ-ն լինի այն իրավական ինստիտուցիոնալ զսպաշապիկը, որ կկանխի իշխանության ոչ լեգիտիմ հավակնությունները»:
Նույն խմբակցությունից Իվետա Տոնոյանի խոսքով՝ իրենք չեն ընդունում Սահմանադրական դատարանի դատավորներին կենսաթոշակի ուղարկելու նախագիծը, կարծում են, որ դրա անհրաժեշտությունը չկա: «Հետևողականորեն նշվում է, որ ՍԴ-ն անցյալից մնացած կառույց է, բայց, մյուս կողմից, անցյալից մնացած այլ կառույցներ և պաշտոնյաներ ևս կան, որ այսօր իշխանության կազմում են»,- նշեց Տոնոյանը:
ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ճեպազրույցում անդրադարձավ ՍԴ-ի ձևավորման գործընթացին: Ըստ նրա՝ «Հայաստանի Հանրապետությունը, կարելի է ասել, զավթված է եղել Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի կողմից, քաղաքական առումով նրանք ստեղծել են համակարգ, որը պետք է սպասարկեր մի փուլում Սերժ Սարգսյանին և մյուս փուլում՝ Ռոբերտ Քոչարյանին, այդ սպասարկման մասն է եղել նաև դատական համակարգը»:
Սիմոնյանը նաև հիշեց 2018-ի հոկտեմբերի 2-ի իրադարձությունները խորհրդարանում, երբ փորձ արվեց կանգնեցնել հեղափոխությունը: «Ուզում եմ գաղտնիք բացել ձեզ. հոկտեմբերի 2-ից օրեր առաջ տեղի էր ունենում տոնակատարություն պառլամենտի 100-ամյակի հետ կապված, ես նույնպես հրավիրված էի և այնտեղ Հանրապետական կուսակցության պատգամավորներից երկուսն ինձ ասացին հետևյալը. «Ոչինչ, քիչ մնաց, այն ժամանակ մենք ձեզ թերագնահատեցինք, իսկ հիմա դուք եք մեզ թերագնահատում, կտեսնեք՝ մի քանի օր անց ինչ կլինի»: Ես չհասկացա՝ ինչի մասին է խոսքը, և տեղի ունեցավ հոկտեմբերի 2-ը»,- ասաց Սիմոնյանը:
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն էլ վերահաստատեց, որ ՍԴ-ում ճգնաժամ կա, և այսպիսով Հրայր Թովմասյանին տրվում է հնարավորություն այդ ճգնաժամը հաղթահարելու համար:
Բաբկեն Թունյանն էլ խորհրդանշական համարեց, որ սիրո և հանդուրժողականության մասին հենց պատգամավոր Գևորգ Պետրոսյանն է խոսում: Այդուհանդերձ, նա վստահեցրեց, որ խմբակցություններում լարվածություններ չեն եղել, ընդհակառակը՝ կառուցողական և առողջ մթնոլորտում քննարկումներ են ծավալվել: «Մենք նայում ենք նախագծերի մասնագիտական տեսանկյունից, եթե ճիշտ բան է առաջարկվում, կապ չունի, թե որ խմբակցությունն է առաջարկում»,- նշեց Թունյանը: