ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարեց, որ Ռուսաստանի հետ կնքված Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման պայմանագիրը պետք է ընդարձակվի՝ ժամանակակից մարտահրավերներին, սպառազինությունների զարգացմանը համաշունչ դարձնելու համար: Պոմպեոն առաջարկեց նաև գործընթացում Չինաստանին ներգրավել:
«Սա համաձայնագիր է, որ կնքվել է տարիներ առաջ, երբ մեծ տերությունների միջև ուժերի այլ հավասարակշռություն կար, ուրիշ տիպի սպառազինություն էր, սպառնալիքներն այլ էին…Այսօր ռազմավարական կայունության համար ոչ միայն ռմբակոծիչները, սուզանավերը կամ հրթիռներն են սպառնալիք հանդիսանում, այլև շատ ուրիշ մեթոդներ, որոնցով հնարավոր է խախտել կայունության հավասարակշռությունը»,- հայտարարեց ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն՝ Վաշինգթոնում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում:
Պոմպեոն հավելեց, որ Միացյալ Նահանգները խոսում են մի համակարգի և մի ապագայի մասին, որում բոլորն են իրենց ապահով զգալու՝ Նահանգներում, ՌԴ-ում, թե այլուր:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ Պաշտպանության նախարարի տեղակալ Ջոն Ռուդը նույնպես ՌԴ-ի հետ վերոնշյալ պայմանագրի թարմացման հարցում իրենց դժկամությունը հենց Չինաստանին ներգրավելու անհրաժեշտությամբ էր պայմանավորել: Նկատենք նաև, որ ՌԴ ԱԳ ղեկավարը Վաշինգթոն է մեկնել ամերիկյան կողմի հրավերով:
Նախապես հայտարարված հանդիպումը պետքարտուղար Պոմպեոյի հետ արդեն կայացել է, ասուլիսը՝ նույնպես, սպասվում է նաև զրույց-քննարկում նախագահ Դոնալդ Թրամփի հետ: