25 ապօրինի միգրանտներ են հայտնաբերվել լաստանավով Նիդեռլանդներից Մեծ Բրիտանիա մեկնող բեռնատարի սառցարանային խցիկում: Նավը ստիպված վերադարձել է Ռոտերդամ:
Հայտնաբերված մարդիկ նավահանգստում ենթարկվել են բժշկական հետազոտության: Բարեբախտաբար, գրեթե բոլորն իրենց լավ էին զգում, միայն երկուսին են տեղափոխել հիվանդանոց, 23-ին էլ տարել են ոստիկանություն:
Բեռնատարի վարորդը հարցաքննվում է, անօրինական ներգաղթյալների քաղաքացիության մասին առայժմ տեղեկություն չկա:
Նոր հանցագործությունը բացահայտվել է Անգլիայի արևելքում տեղի ունեցած ողբերգական միջադեպից երկու շաբաթ անց: Այն ժամանակ բեռնատարի սառցարանում 39 վիետնամցու սառած մարմիններ հայտնաբերեցին: Մեքենան լաստանավով Մեծ Բրիտանիա էր ժամանել Բելգիայից:
Դեպքի առիթով մեղադրանքն է առաջադրվել Բրիտանիայում երկու, Վիետնամում՝ ութ կասկածյալի: