Հոկտեմբերի սկզբին Չիլիում սկսված զանգվածային բողոքի ցույցերն ի վերջո իշխանությանն ու ընդդիմությանը նստեցրին բանակցությունների սեղանի շուրջ: Կողմերը համաձայնության են եկել 2020 թվականի ապրիլին նոր Սահմանադրության վերաբերյալ հանրաքվե անցկացնելու հարցով: Ընդդիմությունը համոզված է, որ առաջացել է 1981 թվականին գրված Սահմանադրությունը նորով փոխարինելու անհրաժեշտություն, ինչն իր հերթին կնպաստի ճգնաժամից խաղաղ ու ժողովրդավարական ճանապարհով դուրս գալուն: Մեկ այլ տեղեկության համաձայն՝ Չիլիի մայրաքաղաքում գրանցվել են բախումներ ցուցարարների և ոստիկանության միջև: