Եթե Ռուսաստանի համապատասխան մարմինները մտահոգություններ ունեն, մենք թափանցիկ ենք, ասում ենք՝ եկեք միասին ստուգենք: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե ՌԴ-ն Հայաստանից ակնկալում է սանիտարական ստուգումների վերաբերյալ հաշվետվություն և ԵԱՏՄ պահանջների պահպանման հստակ պլան:
Այս համատեքստում լրագրողը հետաքրքրվեց՝ ի՞նչ քայլեր են արվում սահմանափակումների վերացման ուղղությամբ, և ինչպե՞ս կհանգուցալուծվի խնդիրը:
«Ինչո՞վ է ավարտվելու այս պատմությունը: Այս պատմությունն ավարտվելու է դիվերսիֆիկացիայով: Այսինքն՝ եթե հիմա նույնիսկ, հենց հիմա, 1 ժամից ՌԴ շուկան 100 տոկոսով բացվի, միևնույն է՝ մենք լրացուցիչ ջանքեր ենք գործադրելու, որ դիվերսիֆիկացիան տեղի ունենա, որպեսզի այս իրավիճակներից մենք մեկընդմիշտ իրար ապահովագրենք, այսինքն՝ մեկը մյուսի հետ մենք չենք պայմանավորում»,- ասաց նա: