ՌԴ իշխանությունները մերժել են Սև ծովում կրակի դադարեցման մասին Թուրքիայի առաջարկը։ Մոսկվան «իրավիճակը բարելավելու որևէ նախապայման» և, հետևաբար, Սև ծովում առաջարկվող հրադադարին համաձայնելու որևէ հիմք չի տեսնում՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան:
Նա նաև նշել է, որ Թուրքիայի առաջարկը լրատվամիջոցներում հնչեցրել է արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, սակայն ռուսական կողմը պաշտոնական հարցում չի ստացել Անկարայից:
Զախարովան միաժամանակ մեղադրել է Ուկրաինային՝ նավերի վրա հարձակվելու համար, սակայն չի հիշատակել ռուսական զինված ուժերի հասցրած հարվածները: Նա նաև բացառել է 2022-2023 թվականներին Սև ծովով հացահատիկի արտահանման նախաձեռնությանը վերադառնալու հնարավորությունը՝ այն անվանելով «աննպատակահարմար»։
Օգոստոսի 8-ին Թուրքիայի արտգործնախարարը «Անադոլու» գործակալության հետ հարցազրույցում հայտարարել է, որ իր երկիրը Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկել է դադարեցնել հարձակումները Սև ծովում նավերի վրա: Անկարան իր առաջարկը փոխանցել է երկու կողմին և այժմ սպասում է նրանց պատասխանին՝ ասել է Հաքան Ֆիդանը: Նա հավելել է, որ Թուրքիան կոչ է արել Մոսկվային և Կիևին ստեղծել մեխանիզմ՝ Սև ծովում հարձակումները դադարեցնելու համար: Ֆիդանը նշել է, որ նման խնդրանքով ավելի վաղ դիմել էր նաև ուկրաինական կողմը։