Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը Ներկայացուցիչների պալատում 6 ժամ տևած լսումների ընթացքում պատասխանել է Իրանում պատերազմի հետ կապված հարցերի:
Հեգսեթը հրաժարվել է ասել, թե դեռ որքան կշարունակվի պատերազմը, և որքան այն կարժենա: Ըստ Պենտագոնի պաշտոնյաների՝ մինչև այժմ Իրանի դեմ պատերազմի համար ծախսվել է 25 միլիարդ դոլար, մեծ մասն ուղղվել է զինամթերքին: Ընդ որում՝ Սպիտակ տունը Կոնգրեսից խնդրել է մեծացնել ԱՄՆ պաշտպանական բյուջեն՝ այն հասցնելով 1,5 տրիլիոն դոլարի:
Հեգսեթին նաև հարց են ուղղել Իրանի դեմ պատերազմի առաջին օրը տարրական դպրոցի վրա հարձակման մասին, որի հետևանքով շուրջ 170 մարդ էր զոհվել, հիմնականում՝ երեխաներ: Նրա խոսքով՝ միջադեպը դեռ հետաքննվում է:
Հեգսեթը նաև հայտարարել է, որ մի քանի ամսվա հետաձգումից հետո Պենտագոնը հաստատել է Ուկրաինային 400 միլիոն դոլար օգնության փաթեթի հատկացումը: Այն նախատեսված է ամերիկյան պաշտպանական ընկերություններից սարքավորումների գնման համար և Կոնգրեսի կողմից հաստատվել էր դեկտեմբերին: