Հայաստանում հաստատված իրավակարգի և քաղաքացու միջև ալերգիա կա, որովհետև քաղաքացին չի հասկանում՝ այս իրավակարգը ով է ստեղծել, ոնց է ստեղծել: Այդ մասին Ազգային ժողովի՝ ապրիլի 16-ի նիստին՝ Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին տարեկան զեկույցի ժամանակ, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ըստ վարչապետի՝ արդարության և արդարադատության համար շատ կարևոր է, որ ՀՀ-ում լինի Սահմանադրություն, որը քաղաքացին կընդունի անհրաժեշտ թվով ձայներով ու ազատ կամարտահայտմամբ:
«Մեզ ծայրահեղ անհրաժեշտ է երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրումը, որը հնարավոր չէ առանց Սահմանադրության փոփոխության, որովհետև ասում են՝ դե, գիտե՞ք, փոքր երկիր է, մեկը մյուսին ճանաչում են: Չհասկացա՛: Էդ ո՞նց է՝ քննիչի, դատախազի, դատավորի համար փոքր երկիր չէ, հենց բանը հասնում է քաղաքացուն, երկիրը միանգամից փոքրանո՞ւմ է: Ո՛չ:
Այսօր մենք արդարադատության ոլորտում ունենք լուրջ պրոբլեմներ: Ես երեկ փափուկ ասացի, բայց կարող եմ ավելի պինդ ասել. շատ ոլորտներում մենք մաֆիայի դեմ ենք պայքարում, այդ մաֆիան իր մետաստազներն ունի բոլոր տեղերում: Այդ մաֆիան իր մետաստազներն ունի ԱԺ-ում, Կառավարությունում, դատարաններում, դատախազությունում, քննչական մարմիններում, ոստիկանությունում, բոլոր-բոլոր տեղերում, և մենք պետք է այդ բանից վիրահատական ճանապարհներով արդեն... քիմիաթերապիան այլևս էֆեկտ չի տալիս, մեզ պետք է վիրահատական ճանապարհով լուծել այդ թվում արդարադատության հարցը: Հերի՛ք է: Ժողովրդի ներվերը ինչքա՞ն կարելի է քայքայել: Ասենք՝ մի կենտրոնից բուծած-բուծած-բուծած...
Ես էլի եմ ասում՝ սերժսարգսյանա-ռոբերտքոչարյանա-արդարադատությունը հիմա ինքն իրեն վերարտադրում է: Պետք է այդ վերարտադրության մետաստազը կտրել ընդհանրապես և քաղցկեղը հեռացնել ուղիղ վիրահատական միջոցներով, որովհետև այլևս էլ տեղ չկա, որովհետև խայտառակություն է այսօր արդարադատության համակարգում այն, ինչ տեղի է ունենում:
Ինչքան էլ մենք օգնում ենք, աջակցում ենք, ուզում ենք այնպես անել, որ առաջ գնա, փոփոխություն լինի, բայց այստեղ օրգանական պրոցես կա, օրգանական պրոբլեմ կա, այդ համակարգը ժողովրդի հետ կապ չունի:
ՀՀ-ում չի կարող լինել իշխանության մարմին, որը չի բխում ժողովրդից: Այսօր փաստ է, որ արդարադատության համակարգը ժողովրդից չի բխում, և ՀՀ-ում պետք է ունենալ արդարադատության այնպիսի համակարգ, որը պետք է բխի ժողովրդից. սա լինելու է բացարձակ առաջնահերթություն»,- ասաց նա՝ նշելով, որ այս գործընթացը, առանց նոր Սահմանադրության ընդունման, հնարավոր չէ: